Եթե ընդամենը երկու տասնամյակ առաջ Ախալքալաքի մունիցիպալիտետում աղբը հայտնվում էր գետերում ու ձորերում, ապա այսօր կանոնավոր աղբահանություն է կատարվում։ Պետք է որ հավաքված աղբը վերամշակվեր, սակայն դեռևս նման գործարան չկա։
Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին, որն ընկնում է Նինոծմինդայի տարածքում 2012-13 թվականներին պետության կողմից 2000 քառակուսի/մետր մակերեսով տարածք է հատկացվել Ախալքալաք և Նինոծմինդա շրջանների աղբը մի վայրում հավաքելու նպատակով: Հատկացված տարածքի զգալի մասն արդեն իսկ աղբով է ծածկված:
Աղբավայրը հիմնվել է, որպեսզի երկու շրջանների աղբը հավաքվի, այնուհետև տարվի աղբի վերամշակման գործարան: Բայց Սամցխե-Ջավախքում աղբի վերամշակման գործարան չկա, չնայած, որ Վրաստանի Տարածքային ենթակառուցվածքների նախարարությունը դեռ 2018 թվականից խոստանում է, որ աղբի վերամշակման գործարան կկառուցվի Ասպինձայում, որտեղ կմշակվի Սամցխե-Ջավախք տարածաշրջանի ամբողջ աղբը: Մինչև հիմա նման գործարան չկա:
Աղբավայրում ամեն երեք օրը կուտակված աղբը տեղում կոնսերվացնում են:
Ախալքալաք քաղաքը սպասարկում է 2 աղբահան մեքենա, յուրաքանչյուր մեքենա օրական երկու անգամ, 10 և 17մ³ աղբ է բեռնաթափում Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին գտնվող աղբավայր։ Իսկ մունիցիպալիտետի գյուղերը սպասարկում է 3 մեքենա, օրական երկու անգամ, յուրաքանչյուրը 17մ³ տարողությամբ։ Օրական Ախալքալաքի մունիցիպալիտետից մոտավոր 120մ³ աղբ է բեռնաթափվում աղբավայր։
«Պատկերացրեք նախկինում օրական այսքան աղբ գյուղերում էին թափում, գետերում ու ձորերում, ամեն տեղ աղբ էր։ Հիմա շրջանը մաքուր է, բայց աշխատելու տեղ շատ ունենք, որ հարցը հիմնովին լուծենք։ Առաջին հերթին մարդկանց մտածելակերպը պետք է փոխել։ Հիմնականում երիտասարդները հանրային վայրերում, հանգստյան գոտիներում աղբն իրենց հետևից չեն մաքում։ Սա լուրջ խնդիր է», – ասաց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։
Սպասարկման կենտրոնի տվյալներով, իրենք Ախալքալաքի մունիցիպալիտետի գրեթե բոլոր գյուղերից կանոնավոր աղբահանություն են իրականացնում։ Քաղաքի փողոցներում և մունիցիպալիտետի կենտրոնական ճանապարհներին տեղադրված աղբարկղներից աղբահանումը կատարվում է ամեն օր, իսկ գյուղերում՝ շաբաթական երեք օր: Իսկ ծայրամասային և վատ ճանապարհներ ունեցող գյուղերում աղբամաններ չկան, սակայն գյուղերի սկզբնամասերում 5,5մ³ տարողությամբ կոնտեյներներ են տեղադրված, քանի որ աղբահան հատուկ մեքենան չի կարող տվյալ գյուղ մտնել։
Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին աղբավայրը սպասարկում է «Վրաստանի կոշտ թափոնների կառավարման ընկերությունը», որը գործում է Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը կից:
Ընդգծենք, որ Սամցխե-Ջավախքում ընդհանուր 4 աղբավայր կա՝ Ասպինձայում, Ախալցիխեում, Բորժոմիում և Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին:
Մոտակա տարիներին Վրաստանը պլանավորում է կոնկրետ արդյունքների հասնել աղբահանության և վերամշակման հարցում, ինչին պետք է հասած լիներ մինչ այս՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում:
Մինչև 2026 թվականը Վրաստանը պետք է կազմակերպի նոր միջազգային ստանդարտների աղբավայրերի և աղբաթափման կայանների աշխատանքը։ Վրաստանը մտադիր է փակել գոյություն ունեցող բոլոր աղբավայրերը և ամբողջ երկրում ստեղծել միայն 10 նոր սանիտարական աղբավայր: Այս մասին կարդում ենք՝ «Թափոնների կառավարման 2022-26 թվականների Ազգային գործողությունների ծրագրում», որը հաստատվել է 2022 օգոստոսի 8-ին կայացած կառավարության նիստում։
Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին գտնվող աղբավայրը չի փակվի, այստեղ աղբը կհավաքվի ու կուղարկվի վերամշակման գործարան, որի կառուցումը ծրագրվում է դեռ 2018 թվականից։
Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից