Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով՝ Երևանը վերահաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին։
Արտգործնախարարությունը նշում է, որ Հայաստանը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցնում է՝ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում:
«Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները», – ասված է հայտարարությունում։
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էլ X-ում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանն այդ համակարտությունում միշտ եղել է երկու պետությունների լուծման կողմնակից և Հայաստանը որոշում է կայացրել ճանաչել Պաղեստինի անկախ պետությունը։
Ժամեր անց հաղորդվեց, որ Թել Ավիվում ՀՀ դեսպան Արման Հակոբյանին կանչել են Իսրայելի ԱԳՆ և բողոք հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինի պետությունը ճանաչելու կապակցությամբ:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37 հազարը։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:
Իսրայելը չի ընդունում երկու պետություն ստեղծելու բանաձևը, պաշտոնապես մերժել է նաև Պաղեստին պետությունը միակողմանի ճանաչելու մոտեցումը։