«Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո Վրաստան-ԱՄՆ հարաբերություններն անցան հարաբերությունների նոր՝ կոնֆրոնտացիոն մակարդակի։ Jnews-ը խնդրել է Վրաստանի ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի (Ռոնդելի հիմնադրամ) ավագ գիտաշխատողին բացատրել այս հարաբերությունների շուրջ իրավիճակը փորձագիտական տեսանկյունից:

Ներկայացնում ենք փորձագետի կողմից իրավիճակի ակնարկը.

«Բոլորովին վերջերս Վրաստանը ԵՄ-ին ինտեգրվելու իրական հնարավորություն ստացավ, մինչ այդ խոսում էինք համագործակցության մասին, հիմա՝ անդամակցության։ Բարեփոխումներից (Եվրամիություն մտնելու համար ժողովրդավարական բարեփոխումներ) հրաժարվելն ակնհայտորեն հիմնված է անձամբ Իվանիշվիլիի շահերի վրա, ով Վրաստանում իշխանության պահպանման հեռանկարը կապում է իշխանության թևքի նկատմամբ իր վերահսկողության հետ, իսկ օլիգարխիկ վերահսկողությունն անհամատեղելի է Եվրամիության սկզբունքներին։ Սա շատ հստակ ձևակերպված էր 12 առաջնահերթություններում (խմբ. Եվրամիության առաջարկությունները Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին), որոնցից 9-ը մնացել են: Բայց այս 9 առաջնահերթությունները կապված են օրենքի գերակայության, երկրի կառավարման ոճի, ներառյալ՝ քաղաքական առաջնահերթությունների հետ: Իվանիշվիլիի առաջնահերթ խնդիրն էր իշխանությունը պահպանել ոչ ժողովրդավարական ճանապարհով, քանի որ, ևս մեկ անգամ կրկնում եմ, օլիգարխիայի շահերը կտրականապես հակասում են ժողովրդավարական սկզբունքներին։ Սա է հակամարտության հիմնական հիմքը, և այս հակամարտությունը չի սահմանափակվում ԵՄ-ի հետ հարաբերություններով։

ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ Վրաստանի գլխավոր հովանավորն ու գործընկերն է։ ԱՄՆ-ը Վրաստանի հետ իր հարաբերությունները հիմնել է այն նախադրյալի վրա, որ Վրաստանը կառուցում է ժողովրդավարական հասարակություն և ժողովրդավարական համակարգ: ԱՄՆ-ը կարող է համագործակցել ոչ ժողովրդավարական երկրների հետ, սակայն աշխարհաքաղաքական այլ շահեր պետք է լինեն, որպեսզի դա տեղի ունենա։ Վրաստանը Սաուդյան Արաբիան չէ, ԱՄՆ-ի գլխավոր շահերից մեկը: Վրաստանի հետ համագործակցելով մենք պնդումներ ունեինք, որ կառուցում ենք ժողովրդավարական պետություն։ Այո, մենք էլ ունենք որոշակի աշխարհաքաղաքական արժեք, բայց դա չպետք է գերագնահատել։

ԱՄՆ-ում քննարկվում է Վրաստանում ժողովրդավարությանն աջակցելու օրինագիծը, որը կոչվում է «ընկեր» (მეგობარი) և ունի երկու կողմ: Սա մի կողմից Վրաստանին աջակցելու, տնտեսական կապերի խորացման և առանց վիզայի ռեժիմի պահպանման միջոցառումների փաթեթ է, եթե ժողովրդավարական կուրսը, արևմտյան կուրսը շարունակվի։ Իսկ մյուս կողմից՝ սա պատժամիջոցների փաթեթ է։ Այդ պատժամիջոցների մի մասն արդեն ներդրվել է. դրանք հիմնականում վիզային սահմանափակումներ են այս հակաժողովրդավարական, հակաարևմտյան օրենքի նախաձեռնողների համար։ Եթե Վրաստանը որոշի շարունակել արեւմտյան, ժողովրդավարական կուրսը, մենք բոլոր հնարավորություններն ունենք շատ ավելի մեծ աջակցություն ստանալու Եվրոպայից և ԱՄՆ-ից։ Իսկ 2030 թվականի վերջին Վրաստանը կարող է դառնալ Եվրամիության անդամ։ Կարող է ունենալ ԱՄՆ անվտանգության երաշխիքներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի հետ ազատ առևտուրը և ԱՄՆ-ի հետ առանց վիզայի ռեժիմը: Իսկ այլընտրանքը, եթե այս իշխանությունը մնա ու շարունակի իր հակաարևմտյան կուրսը՝ դա Վրաստանի ձևավորումն է որպես չկայացած պետության, Ռուսաստանի գավառ, մեկուսացված»։

Փորձագետները, քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև միջազգային հանրությունը սկսեցին ակտիվորեն խոսել Վրաստանի արտաքին քաղաքականության կուրսի փոփոխության և եվրաինտեգրման ճանապարհից շեղվելու մասին՝ Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի վերսկսումից հետո։ 2023 թվականին առաջին նախաձեռնությունից և քաղաքացիական հասարակության կողմից մշտական բողոքի և համաշխարհային հանրության կողմից հայտարարությունների տեսքով բուռն արձագանքից հետո իշխող կուսակցությունը հետ կանչեց օրինագիծը։ Սակայն 2024 թվականին կրկին նախաձեռնեց՝ փոխելով միայն անվանումը։ Չնայած միջազգային, եվրոպական և ամերիկյան հիմնական դերակատարների հայտարարություններին՝ այս օրենքի անհամատեղելիության մասին Վրաստանի եվրոպական ճանապարհին և նույնիսկ պատժամիջոցներին ու ազգային արժույթի արժեզրկմանը, օրենքն ընդունվեց, և Վրաստանի հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ մեծապես փոխվեցին բացասական ուղղությամբ։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը նախատեսում է «օտար ուժերի շահերը վարող» կազմակերպությունների ռեգիստրի ստեղծում, որտեղ պետք է գրանցվեն բոլոր այն կազմակերպությունները և լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորում են ստանում (ավելի քան 20%) օտարերկրյա հիմնադրամներից կամ կազմակերպություններից։ Հակառակ դեպքում կազմակերպությունը կտուգանվի և կգրանցվի իր կամքին հակառակ։ Այս ռեգիստրում ընդգրկված կազմակերպությունները պարտավոր են ներկայացնել ֆինանսական հաշվետվություններ: Օրենքը նաև իրավունք է տալիս պետական մարմիններին ստուգումներ անցկացնել կազմակերպություններում, եթե կա «կասկած», որ կազմակերպությունը ստանում է արտասահմանյան ֆինանսավորում։