Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը, Եվրամիության ֆինանսավորմամբ, հայտարարել է շրջանների, այդ թվում՝ Սամցխե-Ջավախքի ենթակառուցվածքների զարգացման դրամաշնորհային մրցույթ։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի առաջին տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն հունիսի 11-ին, Ախալքալաքի հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկեց նախագծային գաղափարներ, որոնք կարելի է գրել տվյալ մրցույթի շրջանակներում։
Փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն և Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացրեցին մրցույթի պայմաններին և խնդրեցին ներկայացնել նախագծերի գաղափարներ։ Գաղափարները պետք է ուղղված լինեն Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքային զարգացմանը:
Քննարկման ընթացքում առաջարկներ արվեցին Ափնիա գյուղում կառուցել դիտահարթակ, կառուցել Կումուրդոյից Վարձիա տանող ճանապարհը։ Այս գաղափարները ներկայացնողների կարծիքով, դրանք կնպաստեն Ախալքալաքում զբոսաշրջության զարգացմանը։ Առաջարկ հնչեց նաև բարեկարգել Տավշանկա (Ամիրանիս Գորա) հանգստի գոտու շրջակայքում գտնվող հետիոտնային ճանապարհը, ճամբար կառուցել Ճոբարեթում, բարեկարգել Աբուլ բերդ տանող ճանապարհը, Լևանա լիճ տանող ճանապարհը, ավտոբուսներ գնել քաղաքային տրանսպորտի ցանց ստեղծելու համար և այլն:
Ամբողջ Վրաստանի համար Եվրամիությունը հատկացրել է մոտ 306 մլն լարի, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի համար այդ գումարը կազմում է մոտ 25 մլն լարի։ Ախալքալաքը մրցույթին կարող է ներկայացնել մի քանի նախագիծ։
Հավաքվածները որոշեցին արդեն հուլիսի 13-ին հավաքվել կոնկրետ գաղափարներով։