Վրաց-ռուսական սահմանին «Դարիալի» մաքսակետը վերսկսել է իր աշխատանքը բնականոն ռեժիմով, տրանսպորտային սահմանափակումները վերացվել են։ Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Որոշումն ընդունվել է Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության առաջարկության հիման վրա։
Փորձագետների կարծիքով՝ Դևդորակի սառցադաշտի հովտում ջրի մակարդակը կայունացել է, և այնտեղ սողանքային գործընթացներ այլևս չեն գրանցվում։
«Այս պահին Դևդորակի հովտում վտանգի մակարդակը նվազագույն է… Գործակալությունը խորհուրդ է տվել բացել ճանապարհը, իսկ մասնագետները դեռևս տեղում են մնում և վերահսկում իրավիճակը», – հայտարարել են գերատեսչությունից։
Նրանց տվյալներով՝ այսօր առավոտյան Դևդորակի գետում ջրի մակարդակը հասել է 4,5 մետրի՝ ավելի քան երկու անգամ ավելի, քան այն մակարդակը, որի դեպքում գործում է ահազանգի ռեժիմը:
Ջրհեղեղ է տեղի ունեցել Թերեք, Ամալի և Դևդորակի գետերի միախառնման վայրերում։ «Լճի առաջացում և կիրճի փակում» չի արձանագրվել: Բացի այդ, փորձագետները սառցադաշտի և դրան հարող տարածքում սողանքների կամ քարաթափումների հետքեր չեն նկատել։
Հունիսի 6-ի առավոտյան փրկարար ծառայությունները սարքավորումներից ազդանշան են ստացել, որ Դևդորակի սառցադաշտի հովտում ջրի մակարդակը բարձրանում է։ Դրանից հետո ողջ անձնակազմը տարհանվել է անցակետից։ Սահմանամերձ Գվելեթի գյուղի մոտի ճանապարհը ևս փակվել է։