նորություններ 29 Մայիսի, 2024 • Վրացական ՀԿ-ները հայտարարել են, որ մտադիր չեն ենթարկվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին

Վրացական ոչ կառավարական կազմակերպությունները հայտարարում են, որ չեն ենթարկվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին։ Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիայի ժամանակ ընթերցվեց քաղաքացիական հասարակության կոչը այն բանից հետո, երբ խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն:

«Վրաց ժողովուրդը հաստատակամորեն պաշտպանում և պաշտպանելու է իր եվրոպական ապագան և երբեք չի համակերպվի ռուսական կրկնկի տակ ապրելուն։ Ռուսական օրենքը մեր երկրում չի գործի: Այն կմնա թղթի կտոր, որին ոչ ոք չի ենթարկվի»:

Ըստ հասարակական կազմակերպությունների՝ օրենքը կոչված է «կոտրել քաղաքացիական սեկտորը»։ Իսկ դրա ընդունմամբ իշխանությունները «միտումնավոր վտանգ են ստեղծել Վրաստանի տնտեսության, միջազգային հեղինակության, հասարակական կարգի և խաղաղության համար»։

Քաղաքացիական հասարակությունը մտադիր է շարունակել բողոքի ակցիան մինչև օրենքը չեղարկվի՝ չնայած «հատուկ ջոկատայինների կողմից ահաբեկելու և ծեծի ենթարկելու փորձերին»։ Միևնույն ժամանակ, հասարակական կազմակերպությունները խոստանում են շարունակել օգնություն ցույցերի ժամանակ բերման ենթարկված ցուցարարներին։

«Մենք պաշտպանելու ենք բոլոր ձերբակալվածներին և բոլոր տուգանվածներին։ Մեր փաստաբանները կպայքարեն դատարաններում ինչպես ներքին, այնպես էլ միջազգային հարթակներում։ Մենք գումար կհավաքենք՝ վճարելու համար՝ Վրաստանում սիրո և ազատության համար պայքարի մեր դեմ կիրառված միմյանց տուգանքները»,- ասված է հայտարարության մեջ։

Չնայած օրենքի մոտալուտ կիրարկմանը, հասարակական կազմակերպությունները նախատեսում են նաև վերահսկել այս աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։

«Մեր պայքարը տեսնում և աջակցում է ողջ քաղաքակիրթ աշխարհը։ Ռուսական օրենքի ընդունմամբ ընտրությունների դիտորդությունը վտանգի տակ է, բայց մենք՝ Վրաստանի քաղաքացիական կազմակերպություններս, խոստանում ենք պաշտպանել ընտրությունները և յուրաքանչյուր քաղաքացու քվեն։ Մենք ձեզ հետ կլինենք յուրաքանչյուր ընտրատեղամասում և կդիտարկենք՝ պաշտպանելու ազատ և արդար ընտրությունները»,- ասված է նրանց հայտարարության մեջ։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 28-ին ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ հաղթահարելով նախագահի վետոն։ Ընթացակարգի համաձայն՝ եռօրյա ժամկետում օրենքը կրկին կուղարկվի նախագահին՝ ստորագրության համար։ Եթե պետության ղեկավարը չստորագրի այն հինգ օրվա ընթացքում, ապա օրենքը կստորագրի և կհրապարակի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Այնուհետև օրենքը կհամարվի ուժի մեջ մտած։

Հետո Վրաստանի արդարադատության նախարարությունը 60 օր կունենա «Օտարերկրյա ուժի շահերը հետապնդող կազմակերպությունների» ռեգիստր ստեղծելու համար։

ՀԿ-ները և լրատվամիջոցները, որոնց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից, պետք է գրանցվեն։ Արտասահմանյան ուժը դա կամ օտարերկրյա պետական մարմին է, կամ ֆիզիկական անձ, որը Վրաստանի քաղաքացի չի հանդիսանում, կամ էլ՝ իրավաբանական անձ, որը ստեղծվել է ոչ Վրաստանի օրենսդրության հիմքով։ Ռեգիստրում ընդգրկված կազմակերպություններից պահանջվելու է տարեկան եկամուտների և ծախսերի հայտարարագրեր ներկայացնել:

Լրատվամիջոցների և ՀԿ-ների մասին օրենքը չպահպանելը հղի է 10 հազարից մինչև 25 հազար լարի տուգանքնով։ Ուշացված հայտարարագրման յուրաքանչյուր ամսվա համար՝ 20 հազար լարի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝