Նալբանդյան փողոցի մի մասը, որը ծառայում է որպես Ախալքալաքի գյուղատնտեսական շուկա, ամանորյա տոներից հետո նման է աղբանոցի: Պատասխանատուները չեն ընդունում ու առայժմ դեռ չեն պատրաստվում այդ խնդրին լուծում տալ:

rinokk

Երկար տարիներ շարունակ Նալբանդյան փողոցի մի մասը, ավտոկայանի կողմից, վերածվել է գյուղատնտեսական շուկայի: Չնայած այն հանգամանքին, որ իրական շուկայի տարածքը բարեկարգված է, միևնույն է հիմնական առևտուրը ընթանում է այդ տարածքից դուրս` փողոցում: Այժմ, երբ գնորդներն ու վաճառողները դարձել են ավելի քիչ, քան մինչ նոր տարին, ապա ամենուր երևում են աղբի կույտերը: Վաճառասեղաների տակ և տների առջև ամենուրեք աղբի կույտեր են:

Նալբանդյան փողոցի բնակիչները դիմել են մեր խմբագրություն, խնդրելով բարձրացնել փողոցի աղտոտման հարցը, ասելով, որ այնտեղ այլևս հնարավոր չէ ապրել:

ՍՊԸ «Սանմաքրում»-ում, որը պատասխանատու է Ախալքալաք քաղաքի մաքրման համար, մեզ պատասխանեցին, որ տվյալ տարածքը պատկանում է շուկային և գյուղատնտեսական շուկայի պատասխանատուներն էլ պետք է հավաքեն այն:

«Շուկայի աղբարկղները ես եմ մաքրում, թեև շուկան չունի մեզ հետ պայմանագիր, իսկ մաքրել շուկայի տարածքը ես պարտավոր չեմ, դա չի մտնում իմ լիազորությունների մեջ: Տենդեր-մրցույթի համաձայն ես պետք է մաքրեմ Նալբանդյան փողոցը, սկսած բիրժաից և դեպի վերև: Բացի այդ, եթե բնակիչները թույլ են տվել առևտուր անել իրենց տների դիմաց, թող նրանք էլ հետո հավաքեն այդ աղբը: Ողջ տարվա ընթացքում առևտուրը ընթանում է կեղտի մեջ », – ասում է ՍՊԸ «Սանմաքրում»-ի տնօրեն Պարգև Յորդանյանը:

Ըստ Պարգև Յորդանյանի դեկտեմբերին, քանի որ այս փողոցում սառցե կույտեր էին, նրանք որոշում են մաքրել փողոցը որպեսզի մարդիկ չընկնեն, սակայն առևտրականները չեն թողնում:

«Նրանք չթողեցին, ասաելով, թե կարող է հանկարծ մեր վրանները վնասեք: Այնտեղ հարկավոր է հատուկ օրենք, որպեսզի նրանք թույլ տան մտնել», – ասաց նա:

rinok1

Գյուղատնտեսական շուկայի վերահսկիչ Մերուժան Հովհաննիսյանի չի ժխտում, որ դա շուկայի տարածքն է, և որ նրանք հավաքում են վճար առևտրային տեղերի համար: Սակայն, ըստ նրա, աղբը կուտակվել է ոչ թե առևտրականների մեղքով, այլ` բնակիչների:

«Աղբակույտերը բնակիչների տների դիմաց է, իսկ փողոցը մաքուր է: Փողոց ասելով, ես նկատի ունեմ հենց երթևեկելի մասը: Վաճառասեղանների տակ աղբ չկա, և ընդհանրապես, ես այդ փողոցում աղբ չեմ տեսնում», – ասում է Մերուժան Հովհաննիսյանը:

Այն հարցին, թե նրանք երբևէ մաքրել են Նալբանդյան փողոցի այդ մասը, Մերուժան Հովհաննիսյանը պատասխանեց հետևյալը.

«Չի եղել այդպիսի դեպք, որ տարածքը աղտոտված լինի ու մաքրման կարիք ունենա: Վաճառողները վաճառասեղաների տակ եղած իրենց աղբը հավաքում են և լցնում աղբամանները: Այդ հարցով մեզ երբեք չեն դիմել ոչ վաճառողները, ոչ էլ բնակիչները»:

Ըստ ՍՊԸ «Սանմաքրում»-ի տնօրեն Պարգև Յորդանյանի, շուկան որպես իրավաբանական անձ, ոչ անցյալ տարի, ոչ էլ այս տարի իրենց հետ չի ստորագրել շուկայի մաքրման համաձայնագիր:

«Իրավաբանական անձանց մեծամասնությունը, մեզ հետ չի կնքում պայմանագիր, չնայած մենք միևնույն է մաքրում ենք նրանց աղբը: Իսկ մենք չունենք նրանց վրա ճնշելու լծակներ», – ասում է Պարգև Յորդանյանը:

Պարզելու համար, թե ինչու ՍՊԸ «Գյուղատնտեսական շուկան» տարածքի մաքրման համար չի ստորագրում պայմանագիր Սանմաքրման հետ, մենք դիմեցինք կազմակերպության տնօրեն Արարատ Սահարյանին, ով լսելով հարցը, ասաց, որ չի կարող խոսել ու անջատեց հեռախոսը:

Շրջանային Վարչությունում մեզ ասացին, որ նրանք երկու առանձին կազմակերպություններ են և իրենք իրար մեջ պետք է լուծեն այդ խնդիրը:

Այս տարի ՍՊԸ «Սանմաքրում»-ի հետ աղբի մաքրման համար դեռևս պայմանագիր է ստորագրել ընդհամենը չորս իրավաբանական անձ:

Նշենք, որ 1 խորանարդ\մ աղբի մեկ ամսվա մաքրման արժեքը իրավաբանական անձանց համար 25 լարի է:

rinok4

Շուշան Շիրինյան