12.05.2024
Views: 242 |
Author:
Agunik Ayvazyan
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա օրերին «բռնի գործողություններ» են նախատեսվում բողոքի ցույցերի ժամանակ և զգուշացրել, որ դա «անպատիժ չի մնա»։
«Մենք անհերքելի տեղեկություններ ունենք այն մասին, որ երիտասարդական ագրեսիվ խմբերը, որոնք կազմակերպվում են արմատական ընդդիմության կողմից և ֆինանսավորվում են դրսից, վաղը և մյուս օրը ծրագրում են բռնի գործողություններ խորհրդարանի և ոստիկանության դեմ», – ասել է Կաբախիձեն:
Նրա խոսքով՝ արմատական ընդդիմությունը «կօգտագործի ցանկացած միջադեպ՝ ծրագրված բռնությունը կոծկելու համար»։
«Ես ուզում եմ զգուշացնել ագրեսիվ արմատական ընդդիմադիր խմբավորումների յուրաքանչյուր անդամի, որ ոչինչ անպատիժ չի մնա, և բոլորը պատասխանատվության կենթարկվեն օրենքին ընդդիմանալու և բռնանալու համար», – ասել է Կոբախիձեն և զգուշացրել, որ հույսները կդնեն «Զուրաբիշվիլիի ներման վրա»։
Միաժամանակ վարչապետը դիմել է ոստիկաններին՝ կոչ անելով գործել «էլ ավելի եվրոպական չափանիշներին համապատասխան»։
Կոբախիձեն հաստատել է, որ խորհրդարանը կընդունի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը և ասել, որ դա «հասարակության դիմումն է»։
«Վրաստանում բևեռացման փակ շրջանը արհեստականորեն ստեղծվել է արտաքին ուժերի կողմից, և հատուկ դեր է խաղում ՀԿ-ների և լրատվամիջոցների ոչ թափանցիկ ֆինանսավորումը։ Բևեռացման հաղթահարումը, այսինքն՝ արմատականությունը կասեցնելը մեր պարտականությունն է վրաց ժողովրդի առջև, որն արդեն ութ անգամ մեզ տվել է երկիրը կառավարելու մանդատ և իններորդը կտա հոկտեմբերին»,- հայտարարել է վարչապետը։
- Մեկ ամիս առաջ Վրաստանի իշխող կուսակցությունը կրկին խորհրդարան է ներկայացրել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծ։ Այս ամենին զուգահեռ հայտարարություններ են հնչում՝ մեղադրելով արևմտյան հիմնադրամներին լրատվամիջոցների միջոցով Վրաստանում արմատականության և ծայրահեղականության ֆինանսավորման մեջ։ Եվրամիությունը հայտարարել է, որ օրինագիծը վտանգում է Վրաստանի հետագա եվրաինտեգրումը։
- Վրաստանում արդեն մեկ ամիս է՝ բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում՝ պահանջելով չեղարկել օրինագիծը, ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 100 ցուցարարի։
- ԵՄ-ի և ԱՄՆ-ի կոշտ քննադատությունից հետո, ուրբաթ օրը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոստովանել է, որ իշխանությունները, միջազգային գործընկերների աջակցությամբ, փոփոխություններ կմտցնեն վիճահարույց օրինագծում այն բանից հետո, երբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո կդնի դրա վրա: Ի պատասխան ընդդիմությունն արձագանքել է՝ ասելով, որ համաձայն չէ «կոսմետիկ փոփոխություններին» և պահանջում է օրենքի ամբողջական կասեցում։
- Վրաստանի առաջատար բուհերի ուսանողները երկուշաբթի օրվանից դասադուլ են հայտարարել և կմասնակցեն բոլոր բողոքի ակցիաներին։ Բողոքի ակցիային աջակցել են մի շարք ուսուցիչներ։ Արհմիությունները հայտարարել են ամբողջ երկրում համընդհանուր գործադուլի պատրաստակամության մասին, կոնկրետ ամսաթիվը դեռ չի հայտարարվել։
- Մայիսի 13-ին «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ կքննարկվի խորհրդարանի իրավական հանձնաժողովում, իսկ երեքշաբթի օրը՝ մայիսի 14-ին, նախագիծը կներկայացվի լիագումար նիստին, այս մասին հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նյութը արտատպված է՝ Новости Грузия-ից