Քաղաքային և գյուղական փողոցների վերանորոգման մրցույթը չի կայացել՝ պայմանավորված մասնակիցների բացակայությամբ: Այն նորից կհայտարարվի։
Ինչպես Jnews-ի հետ զրույցում մեկնաբանեց Ախալքալաքի մունիցիպալիտետի ճարտարապետության, շինարարության և ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը, հանգստյան օրերի ավարտից հետո մրցույթը կրկին կհայտարարվի:
«Ինչպես գիտենք, մեր մարզում ճանապարհաշինական աշխատանքները հիմնականում իրականացնում էր «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։ Այս ընկերությունը չի մասնակցել մրցույթին, այլ մասնակիցներ նույնպես չեն եղել, ուստի նորից կհայտարարենք»,- ասաց նա:
Մունիցիպալիտետում ընթացիկ փոսային նորոգման աշխատանքներն իրականացվում են անցած տարվա մրցույթից խնայված միջոցներով:
Հիշեցնենք, որ մրցույթը հայտարարվել է ապրիլի 4-ին՝ 350 000 լարիի չափով, հայտադիմումներն ընդունվել են ապրիլի 20-ից 29-ը։ Այն հայտարարվել է ըստ գնացուցակի, այսինքն՝ գնացուցակում նշված են գները կատարվելիք աշխատանքների միավորների համար։
Գնացուցակը պարունակում է տարերային աղետների հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներ, ճանապարհի վերանորոգման աշխատանքների, արհեստական կառույցներին վերաբերող աշխատանքներ, ճանապարհային երթևեկության կարգավորման տեխնիկական աշխատանքներ և այլն։
Նշենք, որ ըստ մրցութային փաստաթղթերի, աշխատանքների ցանկում ներառված են ճանապարհային նշանների տեղադրում/ապամոնտաժում, եզրաքարերի, հետիոտնային անցումների ներկում, հայելիների, ջրահեռացման խողովակների տեղադրում և այլն։
Լուսանկարը՝ արխիվից