Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզները փակվում են ապրիլի 26-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ։ Կարանտինի գլխավոր դրդապատճառը ջրծաղիկի և սեզոնային սուր շնչառական վարակների տարածման կանխումն է։

Ախալքալաքի առողջապահական կենտրոնի աշխատակիցները շրջել են բոլոր մանկապարտեզներով տարածված հիվանդությունների բացահայտման նպատակով։

“Մեր աշխատակիցները երեկ շրջել են բոլոր մանկապարտեզներով, ծանոթացել են տիրող իրավիճակին և ըստ այդմ որոշել ենք մի քանի օրով փակել բոլոր մանկապարտեզները”, – ասաց Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։

Մոնիտորինգի արդյունքում բացահայտվել են թե ջրծաղիկի, և թե սեզոնային սուր շնչառական վարակների դեպքեր։ Ջրծաղիկի դեպքեր բացահայտվել են միայն Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզում: Իսկ Կարծախի մանկապարտեզում բացահայտվել են ալերգիայի դեպքեր։

Իսկ մյուս մանկապարտեզներում շատ են եղել սուր շնչառական վարակներով երեխաներ։ Սիրանուշ Տոնականյանը նշում է՝ միշտ հորդորում են ծնողներին հիվանդ երեխաներին չտանել մանկապարտեզ, սակայն իրականությունը այլ բան է ցույց տալիս։

“Երեխաները մանկապարտեզում նստած են, մեկը հազում է, մյուսի քթից վազում է, մենք միշտ ասում ենք ծնողներին, որպեսզի հիվանդ երեխաներին չտանեն մանկապարտեզ, քանի որ մյուսներին նույնպես վարակում են։ Հուսով ենք հինգ օրվա ընթացքում իրավիճակը կթեթևանա”, – հավելեց Սիրանուշը։

Այն ժամանակահատվածում, երբ երեխաները չեն հաճախի մանկապարտեզ Ախալքալաքի առողջապահական կենտրոնի կողմից մանկապարտեզներում կիրականացվի ախտահանման աշխատանքներ։

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 17 մանկապարտեզ, որոնցից 2-ը այլընտրանքային են, այսինքն՝ աշխատում են կես դրույքով և առանց սնունդի։