Այսօր՝ ապրիլի 23-ին, Ախալքալաքի կենտրոնում սկսվել են ծառատունկի նախապատրաստական աշխատանքները՝ փոխարինելով 2022 թվականին քաղաքի կենտրոնի վերականգնման ժամանակ հատված ծառներին։
2024 թվականի մարտի սկզբին Ախալքալաքում էտվել և հատվել են ծառեր՝ խոստանալով, որ շուտով նոր բույսեր կտնկվեն։ Ախալքալաքի Ազատության փողոցի ծառերը հատվել էին 2022 թվականին՝ կենտրոնի վերականգնման ժամանակ, սակայն տարածք է մնացել մայթերին նոր ծառեր տնկելու համար։
«Փալանջյանների խանութից մինչև եկեղեցի տարածքները թողվել են ծառատունկի համար, երկու կողմից: Գնվել է 13 ծառ, շատ բարձրորակ տնկիներ, պատվիրել ենք Թբիլիսիից: Մեզ հատկացված է եղել 10 000 լարի ծառատունկի համար, մնացած մասը լրացուցիչ 3000 լարին մեզ քաղաքապետարանը կհատկացնի»,- ասում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։
Տնկման համար ընտրվել է սալորի կամ տղեմալիի դեկորատիվ սորտը, այսպես Վրաստանում անվանում են սալորը։ Տղեմալին կամ սովորական սալորենին (լատ. Prúnus cerasífera) պտղաբեր փայտային բույս է, վարդածաղկավորների կարգի վարդազգիների ընտանիքից։ Վայրի բնության մեջ և մշակության մեջ այն տարածված է Տյան Շանի լեռնային շրջաններում, Բալկաններում, Կենտրոնական և Փոքր Ասիայում, Իրանում, Հյուսիսային և Հարավային Կովկասում, Մոլդովայում և Ուկրաինայի հարավում:
Շատ տնկիներ, որոնք տնկվում են Ախալքալաքում, չեն դիմանում տապահեղձ ախալքալաքյան ամռանը կամ մահանում են դաժան ձմռանը։ Ախալքալաքի եղանակային պայմաններում նոր ծառերը կդիմանա՞ն: Ախալքալաքի սպասարկման կենտրոնից հայտնում են, որ սալորի այս տեսակը կդիմանա մինչև -28 աստիճան ցրտահարություններին։