Ախալքալաքի շուրջ պետական մայրուղիները ներկա պահին բաց են, բացի Նինոծմինդա-Թբիլիսի-Ծալկա ճանապարհից: Իսկ Ախալքալաքի շրջանի ներքին ճանապարհների մեծամասնությունը, որոնք տանում են շրջանի գյուղեր, թաղված են ձյան մեջ:
Ուժեղ քամին, որը փչում է գիշերվանից, փակել է Ախալքալաքի շրջանի գյուղեր տանող ճանապարհները:
Մինչ գիշերվա 4:30-ը գյուղական ճանապարհների վրա աշխատում էր մաքրող տեխնիկան, բայց քամին նորից դրանք փակում է ձյունով:
Արդեն առավոտյան, ըստ «ՎԵՄ» կազմակերպության ներկայացուցչի, որը պատասխանատու է գյուղական ճանապարհների մաքրման համար, նրանք կրկին սկսել են աշխատել ճանապարհների մաքրման վրա: Ըստ նրա, շրջանի գյուղական ճանապարհների 75% -ը փակ է: Նույնիսկ մոտակա Բավրա և Կարտիկամ գյուղերի ճանապարհներն են փակվել ձյունով:
«Ճանապարհների վիճակը շատ վատ է, բոլորը փակ են: Նույնիսկ Բավրայի և Կարտիկամի ճանապարհներն են փակ: Շատ ուժեղ է քամին, տեխնիկան չի կարող աշխատել այդ պայմաններում: Ներկա պահին, քամին թույլ չի տալիս աշխատել Խավեթ գյուղում: Ըստ տրակտորիստի, տեսանելիությունը մեկ մետր է, սարքավորումները կանգնած են, չեն կարող աշխատել», – ասում է Վարդ Մոսոյանն:
Կազմակերպությունն ունի 13 միավոր ճանապարհների մաքրման սարքավորումներ և բոլորը ներկա պահին աշխատում են:
Կենտրոնական ավտոմայրուղիներից բաց է Հայաստան տանող ճանապարհը, թեև այն դժվար անցանելի է: Բաց է նաև Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը, Ախալքալաքից մինչ Կարծախ (Թուրքիայի սահման) ճանապարհը: Փակ է Նինոծմինդա-Թբիլիսի-Ծալկա ճանապարհը:
Շուշան Շիրինյան