Ախալքալաքի մունիցիպալիտետում արդեն մի քանի տարի է առկա է կարտոֆիլի իրացման խնդիրը և, ամենայն հավանականությամբ, տարեցտարի այն միայն կխորանա։ Ակնհայտ է դառնում, որ մունիցիպալիտետի ֆերմերները պետք է փոխեն իրենց մոտեցումն ու գյուղատնտեսական ուղղվածությունը։ JNEWS-ը զրուցեց գյուղատնտես, ֆերմեր Արշալույս Գալստյանի հետ և քննարկեց, թե ինչ կարելի է անել տվյալ իրավիճակում։
Ագանա գյուղից գյուղատնտես, ֆերմեր Արշալույս Գալստյանը կարծում է, որ տարիների ընթացքում կարտոֆիլի իրացման խնդիրը էլ ավելի կսրվի: Նա կարծում է, որ ժամանակն է, որ մունիցիպալիտետի հողագործները մտածեն իրենց աճեցրած կարտոֆիլի որակի մասին կամ փոխեն իրենց պրոֆիլը։
«Տարեցտարի ավելի ու ավելի դժվար է դառնում կարտոֆիլի բերքի իրացումը: Փորձառու ֆերմերները մտածում են, թե ինչպես վաճառեն աճեցրած մեծածավալ կարտոֆիլը: Անհրաժեշտություն է ի հայտ է գալիս անցնելու այլ մշակաբույսերի աճեցման: Առաջիկա տարիներին մեզ փոփոխություններ են սպասվում գյուղատնտեսության ոլորտում: Աստիճանաբար նոր տեխնոլոգիաները մտնում են գյուղացիների կյանք, հատկապես քաղաքին մոտ գյուղերում: Մարդիկ դառնում են ավելի պրակտիկ և գիտակցում, որ գներն իրենց կողմից չեն վերահսկվում: Խոշոր ֆերմերները սկսում են ավելի գրագետ մոտենալ աճեցվող արտադրանքին՝ բարելավելով կարտոֆիլի որակը և փնտրելով իրացման նոր շուկաներ: Այս ամենը խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է գյուղատնտեսական արտադրության պրոֆիլը փոխել»,- ասում է Արշալույս Գալստյանը։
Նա կարծում է, որ բնությունն ամեն դեպքում անում է իր գործը, պարզապես մարդիկ պետք է սկսեն հասկանալ բնությանը։
«Փոքր զանգվածները մրցունակ չեն: Մրցակցային շուկայում ուժեղ ֆերմերները կուլ կտան թույլերին: 10 հար ցանած ֆերմերը չի կարողանա նոր տեխնոլոգիաներ օգտագործել 1 հեկտար ցանածի հետ հավասար: Ֆիզիկական և ֆինանսական հնարավորությունները ևս կլինեն սահմանափակ: Հետևաբար, խոշոր ֆերմերները պետք է նորարարություն կիրառեն և գնան դեպի խոշորացում, իսկ փոքրերը աստիճանաբար կդառնան վարձու աշխատողներ: Կարևոր է հասկանալ, որ հին մեթոդներին վերադառնալը կարող է հաջողության գրավականը լինել: Յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր գործով, իսկ բնական ընտրությունը կորոշի, թե ով կլինի հաջողակ գյուղատնտեսության ոլորտում»,- ասում է Արշալույս Գալստյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետում ֆերմերները կարտոֆիլ ցանել են ու կշարունակեն ցանել, հատկապես, երբ չիրացված կարտոֆիլը շատ է, ցանքատարածություններն ավելանում են, զուգահեռ աճում է նաև իրացման խնդիրը։
«Սա սխալ հոգեբանություն է: Գյուղացին պետք է դուրս գա գյուղացու հոգեբանական վիճակից, դառնա գործարար, հասկանա շահույթի գաղափարը: Միայն այդպես կկարողանա շահույթ ստանալ»,- ասում է Արշալույս Գալստյանը։