Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում դեռևս մնում է չիրացված կարտոֆիլ, գյուղացիները չեն կարողանում վաճառել իրենց նախորդ տարվա բերքը, հատկապես՝ սերմացու կարտոֆիլը, իսկ գյուղատնտեսական նոր սեզոնը շուտով կսկսվի։ Չեն կարող նաև աղբանոց նետել, քանի որ աղբանոցը չի ընդունում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերները ծանր վիճակում են: Միջին ու խոշոր կարտոֆիլը դժվարությամբ, բայց վաճառվում է, թեև ոչ այն գնով, որով ուզում են տեղացի ֆերմերները, սակայն սերմացուն ընդհանրապես չի վաճառվում, ցանկացող չկա։ 20 օրից կսկսվի կարտոֆիլի ցանքի սեզոնը:
Խավեթի տարածքային միավորից ընտրված Ախալքալաքի շրջանային ժողովի մեծամասնական պատգամավոր Հրաչ Մովսեսյանն ասում է, որ իրավիճակը շատ վատ է:
«Կարտոֆիլի սերմացու շատ ունենք: Միջին չափի և խոշոր կարտոֆիլ էլ ունենք, գյուղում դեռ 15-20 տոկոսը չի վաճառվել: Սերմացուն շատ է, գնորդներ չկան: Ով հնարավորություն ունի, տանում է այլ վայրեր՝ վաճառելու: Դեռ ոչ ոք սերմացուն չի վաճառել: Հույս ունենք, որ ցանքի ժամանակ ինչ-որ բան կվաճառենք»,- ասում է Հրաչ Մովսեսյանը։
Մերենիա գյուղի մասնագետ Վոլոդյա Ղուշչյանն ասում է, որ իրենց գյուղում նույնպես շատ չվաճառված սերմացու կարտոֆիլ կա:
«Իրացման վիճակը վատ է, գնորդներ չկան: Գնորդները շատ հազվադեպ են գալիս մեզ մոտ, բայց դա շատ քիչ է: Ոմանք տանում են այլ քաղաքներ, բայց այնտեղ էլ չի վաճառվում»,- ասում է Վոլոդյա Ղուշչյանը։
Վարեւան գյուղում, մունիցիպալիտետի մյուս գյուղերի համեմատ, վիճակն ավելի լավ է:
«Մեր կարտոֆիլը վաճառվում է, մենք շրջանում համեմատաբար լավ վիճակում ենք: Մեզ մոտ վաճառվում է, գյուղում քիչ ունենք, հույս ունենք 2 ամսվա ընթացքում դա էլ վաճառել: Շատ սերմացու կարտոֆիլ ունենք, սերմացու կարտոֆիլները նոր են, դրա համար էլ վաճառվում է, մեր հողն էլ է լավը»,- ասում է Վարևանից Միշա Ստեփանյանը։
Դիլիսկա գյուղից ֆերմեր Վարազդատ Սալվարյանի խոսքով, իրավիճակը կրիտիկական է, բոլորը մտավախություն ունեն, որ բերքը կարող է հայտնվել աղբանոցում։
«Կարտոֆիլի սերմացուն վաճառում եմ 10 թեթրիով, նույնիսկ այդ գնով էլ չեն առնում: Գյուղում, միայն ես ունեմ 50-60 տոննա կարտոֆիլ, մարտի 3-4-ին եկան, նայեցին, նկարեցին ու գնացին: Նրանցից մի ամիս է լուր չկա: Մենք նույնիսկ չգիտենք ուր թափենք, եթե գցենք աղբանոց՝ Նինոծմինդայի աղբանոցը չի ընդունում: Ասեք ինչ անենք մենք, նրանք, ովքեր չեն վաճառել իրենց կարտոֆիլը»,- ասում է Վարազդատ Սալվարյանը։
Որոշ ֆերմերների խոսքով, իրենք կարտոֆիլ գնողներ ունեն Ադրբեջանից, սակայն նրանց հետ որոշակի խնդիրներ են առաջանում։
«Սամցխե-Ջավախքում բուսասանիտարական սերտիֆիկատ չեն տալիս, ես պաշտոնապես գրել եմ ու ինձ մերժել են»,- ասաց ֆերմերներից մեկը։
Jnews-ը կփորձի այս հարցը պարզել առանձին։
Նույն իրավիճակն է Օլավերդ գյուղում: Յուրաքանչյուրն իր տանն ունի կարտոֆիլ, որը փչանում է և չգիտի, թե ինչ է անելու փտած կարտոֆիլը:
«Գյուղում կարտոֆիլի սերմացուն շատ է, ես ունեմ վաճառքի համար 18-20 տոննա սերմացու: Խոշորը շատ քիչ է, մեր գյուղում քիչ են ցանում, աշնանը գրեթե ամբողջ խոշոր կարտոֆիլը վաճառվել է: Ժողովուրդը տանում է Թբիլիսի, 1 պարկը 5-10 լարիով են ծախում, ինչ արած: Ես երևի կարտոֆիլի դաշտերը կկրճատեմ, խոզեր կառնեմ ու կարտոֆիլը խոզերին կտամ, ինչ անենք, չգիտենք ուր նետեք այն»,- ասում է Հովիկ Գիլոյանը։