Ասիական զարգացման բանկն այսօր հաստատել է Վրաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը։ 2024-2028 թվականների համագործակցության հնգամյա ռազմավարությունը նպատակ ունի խթանել Վրաստանի կայուն զարգացումը պետական և մասնավոր հատվածներում ներդրումների, բարեփոխումներին աջակցելու և գիտելիքների խորացման միջոցով։ Ռազմավարությունը կենտրոնացած է տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման վրա, ինչպես նաև աջակցել մասնավոր հատվածին տնտեսական աճի, մարդկային կապիտալի զարգացման և կլիմայի փոփոխության համար:
«ԱԶԲ-ն և Վրաստանն ամուր գործընկերություն ունեն, և մեր նպատակն է օգնել երկրին անցում կատարել դեպի կանաչ և ինտեգրված տնտեսություն ու ամրապնդել հասարակությունը, որպեսզի նա լինի ավելի ճկուն և ներառական: Մենք կշարունակենք օգնել Վրաստանին օգտագործելու իր աշխարհագրական առավելությունը և ազատ առևտրի համաձայնագրերը՝ դառնալու դարպաս դեպի մի տարածաշրջան, որը կապում է Կովկասը և Կենտրոնական Ասիան Եվրոպայի ու մնացած աշխարհի հետ»,- ասել է ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի բաժնի տնօրեն Եվգենի Ժուկովը:
ԱԶԲ-ն շարունակում է աջակցել Վրաստանի բազմամոդալ տրանսպորտային ցանցի զարգացմանը, կլիմայի և աղետների դիմակայունության ամրապնդմանը ու մաքուր էներգիայի արտադրությանն ու առևտրի ընդլայնմանը: Բանկը նաև կշարունակի աջակցել Վրաստանում իրականացվող բարեփոխումներին՝ սոցիալական ապահովության ամրապնդման, կենսաթոշակային համակարգի և կապիտալի շուկաների զարգացման համար, ինչպես նաև կաջակցի կրթական համակարգին՝ ներառյալ մասնագիտական կրթությունն ու ուսուցումը:
ԱԶԲ-ն աջակցում է Վրաստանին 2007 թվականից և հանդիսանում է երկրի խոշորագույն բազմակողմ զարգացման գործընկերներից մեկը: Վրաստանին տրված սուվերեն և ոչ սուվերեն վարկերի ընդհանուր գումարը կազմում է 3,9 մլրդ դոլար։