«Ամռանը մեքենաների գները կբարձրանան, և դա պայմանավորված է նրանով, որ թանկացել են բոլոր տեսակի ծառայությունները՝ թանկացել են վերանորոգումը, ներկումը, ավտոպահեստամասերի գները»,- հայտարարել է մեքենաներ ներմուծող «Dove Line» ընկերության ղեկավար Ջաբա Գոգինաշվիլին։
Նրա խոսքով, ներկայումս Վրաստանի ավտոմոբիլային շուկայում իրավիճակը շատ անկայուն է՝ ինչպես գների, այնպես էլ պահանջարկի առումով, սակայն ամռանը սպասվում է ավտոմեքենաների գների աճի նոր փուլ։
«Իրավիճակը հիմա բավականին անկայուն է, շուկան անկայուն էր նաև հունվար-փետրվարին, և գրեթե միշտ այդպես է։ Եղանակի բարելավման հետ մենք ակնկալում ենք պահանջարկի աճ, որն ինքնաբերաբար կհանգեցնի մեքենաների գների բարձրացման: Դա բացատրվում է նրանով, որ Ղազախստանում և Ղրղզստանում մեքենաները հիմնականում գնում են գարնանը և ամռանը, քանի որ այնտեղ բավականին խստաշունչ եղանակ է, նույնիսկ մարտ-ապրիլին կարող է ձյուն տեղալ։ Ընդհանուր առմամբ, պահանջարկը դեռ բարձր է, ինչը նույնպես գների բարձրացման պատճառ է դառնում»,- ասաց նա։
Նրա խոսքով, վրացի գնորդները հաճախ դժգոհ են գների բարձրացումից, բայց չեն մտածում, թե իրականում ինչն է գների բարձրացման պատճառ դարձել, մասնավորապես, այն, որ թանկացել են և՛ մեքենաների պահեստամասերը, և՛ վերանորոգման ծախսերը։
«Երբ վրացի գնորդները գնում են շուկա, մտածում են, որ դիլերն իրենցից մէծ գումար է վերցնում, բայց ոչ ոք չի ուզում հասկանալ, որ ավտոպահեստամասերը, արհեստավորները, ներկելը, ամեն ինչ թանկացել է։ Մենք շահագրգռված չենք մեքենաների թանկացմամբ, ընդհակառակը, ավելի լավ է, որ ավելի շատ մեքենա վաճառենք ավելի ցածր գնով, քանի որ այս դեպքում դրանք ավելի մատչելի կլինեն և ի վերջո մենք ոչ պակաս շահույթ կունենանք, քան թանկ գնով ավելի քիչ մեքենաներ վաճառելու դեպքում»,- կարծում է Ջաբա Գոգինաշվիլին։