Քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկով` Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով ձայների 87,3 տոկոսը։ Սա կլինի նրա հինգերորդ ժամկետը, որը կավարտվի 2030 թվականին։

Ընտրություններին չորս թեկնածուներ էին մասնակցում․ Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է քվեների 4,3 տոկոսը, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ 3,8 տոկոսը, լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին՝ 3,2 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 1,4 տոկոսը։

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ մասնակցությունն ընտրություններին կազմել է 74,22 տոկոս։

2018 թվականի ընտրություններում Պուտինը վերընտրվել է ձայների 76,7 տոկոսով, այն ժամանակ դա նրա առավելագույն արդյունքն էր։

Նախքան ընտրությունները վերլուծաբանները համոզմունք էին հայտնել, որ Պուտինը կհաղթի քվեների մեծ առավելությամբ։ Նա 2000 թվականից է ղեկավարում Ռուսաստանի Դաշնությունը: