Վրաստանի նախագահը հայտարարել է, որ մտադիր է «հասնել իր մանդատի ավարտին»։ Սալոմե Զուրաբիշվիլին այսպես է պատասխանել լրագրողների այն հարցին, որոնց հետ նա մարտի 6-ին հանդիպում է անցկացրել այն մասին, թե արդյոք մտադիր է քաղաքականությամբ զբաղվել՝ այլևս նախագահի դերում չլինելով:
«Եթե ես պետք լինեմ քաղաքականության համար, ապա կլինեմ այնտեղ, իսկ եթե ոչ, ապա ամեն դեպքում մի բան պարզ է, որ ես կհասնեմ իմ մանդատի ավարտին։ Ես կարծում եմ, որ այժմ նախագահի դերը շատ կարևոր է եվրոպամետ ուժերի համախմբման համար, և ես կնպաստեմ դրան այն ձևով, ինչպես կկարողանամ»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։
Նախագահը պատասխանել է նաև հարցին՝ տեսնու՞մ է իրեն կոալիցիոն կառավարությունում:
«Մենք պետք է հստակ հասկանանք, որ կոալիցիոն կառավարություն չի նշանակում, որ նա, ով նախկինում ղեկավարում էր, կկործանվի և դուրս կգա խաղից։ Կոալիցիոն կառավարությունը կարող է նշանակել նաև, որ որոշակի դեր կխաղա նույն «Վրացական երազանքը»։
Այսօր շատ հեշտ է համախմբվել կոալիցիոն կառավարությունում, քանի որ մենք գիտենք, որ մեր ընդհանուրը դա Եվրամիության հետ բանակցություններն են… Այս կառավարության նպատակը չափազանց ակնհայտ կլինի։ Միգուցե հնարավոր չէ իրականացնել բոլոր ինը հանձնարարականները, բայց մենք պետք է իրականացնենք այն, ինչ պետք է երկրին։
Կարծում եմ՝ պարտադիր չէ, որ ես կառավարությունում լինեմ: Ես այնտեղ եմ, որտեղ կամ, կարծում եմ, որ ես շատ կարևոր դեր ունեմ։ Որքան հաճախ են ասում, որ ես դեր չունեմ, այնքան ավելի եմ համոզվում, որ հավանաբար՝ ունեմ: Հատկապես այս ժամանակահատվածում»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահն անդրադարձել է նաև երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին համաներում շնորհելու թեմային։
«Ես ասացի, որ դա իմ հայեցողական իրավունքն է։ Ես խոսել եմ ոչ միայն այստեղ, այլ նաև դրսում, սա վերջերս շեշտեցի Լոնդոնում, քանի որ առաջարկներ և ճնշումներ կան Եվրախորհրդարանի կողմից, ինչպես նաև տարբեր տեղերից։ Ես ասացի, որ ոչ մի ճնշման ներքո որոշում չեմ կայացնի՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ճնշման ներքո»,- ասել է Նախագահը։