Ախալքալաքի վարչությունը մշակել է 2017 թ.-ի բյուջեի նախագիծը, որը քննարկվում է Շրջանային ժողովում: Հաջորդ տարվա բյուջեն էապես չի տարբերվում ընթացիկ տարվա բյուջեից:
Դատելով Ախալքալաքի վարչության 2017 թ.–ի ներկայացրած բյուջեի նախագծից ոչ մի տարօրինակ բան չի սպասվում, այսպես ասած նորից նույն «ջենտլմենի հավաքածուն է»:
Ախալքալաքի շրջանի եկամուտները 2017 թ.-ի համար կազմում են 8 147 000 լարի, նույնչափ էլ ծախսերն են:
Այս գումարից, ինչպես միշտ առյուծի բաժինը կգնա Ախալքալաքի վարչությանը և Շրջանային ժողովին, համապատասխանաբար 648 000 լարի և 169 4800 լարի: Օրինակ Շրջանային ժողովի աշխատավարձերի ֆոնդը կազմում է 440 000 լարի, իսկ վարչությանը՝ 128 87100 լարի: Բացի մշտական աշխատողներից, Շրջանային ժողովը հատկացրել է նաև 15 000 լարի պայմանագրային աշխատավարձերին, իսկ վարչությունը՝ 50 000 լարի:
Օրինակ. Շրջանային ժողովի ծառայությունների և նյութերի համար հատկացվել է 203 000 լարի, նույն կետի համար Շրջանային վարչությունը հատկացնում է 354 300 լարի: Աշխատակիցների գործուղման համար Շրջանային ժողովը կծախսի 3 000 լարի, իսկ Շրջանային վարչությունը 7 000: Տրանսպորտային ծախսերի համար, այդ թվում վառելիքի և տեխնիկական սպասարկման համար Շրջանային ժողովը մյուս տարի կծախսի 23 300 լարի, իսկ Շրջանային վարչությունը՝ 106 400: Նշենք, որ օրինակ, Ախալքալաքի շրջանի ճանապարհների ուղեհարթման համար գրեյդերի դիզելային վառելիքի համար հատկացվել է 16 100 լարի:
Շրջանային բյուջեից, որպեսզի տարբեր միջոցառումների ժամանակ շրջանի աշխատողները ծաղիկներ տանեն Շրջանային վարչություն հատկացրել է 1500 լարի: Բացի այդ 5000 լարի հատկացվել է Վարչության աշխատողների ուսուցման և ստաժավորման ծախսերի համար:
Չնայած այն հանգամանքին, որ Շրջանային վարչության աշխատողներն ասում էին, որ մյուս տարի ամանորյա զարդարանքին ավելի մեծ ուշադրություն կդարձնեն, բայց բյուջեում այդ ծախսերի համար դուրս է գրվել ավելի քիչ գումար` 4 500 լարի հրավառության համար և 3 000 լարի զարդաշղթաների (այս տարի զարդաշղթաների համար հատկացվել էր 4000 լարի):
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու, Վրացական եկեղեցու և Բարալեթ գյուղի եկեղեցու ջեռուցման համար հատկացվել է 12 000 լարի: Քաղաքային մարզադաշտի խոտհնձիչի համար հատկացվել է 1700 լարի:
Ախալքալաքի շրջանի զինվորական ծառայության ծախսերի համար նախատեսվել է 80 400 լարի, որից աշխատավարձային հիմնադրամը կազմում է 53 700 լարի:
Տեղական ինքնակառավարումը պնդում է, որ հաջորդ տարի քաղաքն ամբողջությամբ կասֆալտապատվի: Տեղական բյուջեից փողոցների ասֆալտապատման համար հատկացվել է 1 290 532 լարի:
Ճանապարհները ձյունից մաքրելու համար հատկացվել է 75 300 լարի: Ընդհանուր սանմաքրման համար, որը ներառում է աղբի տարհանում և փողոցների մաքրում հատկացվել է 230 000 լարի:
Տեղական բյուջեից 2017 թ.-ին նախատեսվում է ջրով մատակարարել Տրկնա (50 000 լարի), Բեժանո և Ալաթուման (205 000 լարի) գյուղերը:
Շրջանի բարեկարգման համար հատկացվել է ընդհանուր առմամբ 552 000 լարի գումար, որից տեսախցիկների ձեռքբերման համար հատկացվել է 49 000 լարի: Շրջանային սեփականության շենքերի վերանորոգման համար՝ 194 500 լարի: Ինչպես նաև 2017 թ.-ին վերանորոգման են ենթակա Սակրեբուլոյի շենքը (20 000 լարի) և Շրջանային վարչությանը (170 000 լարի):
Մարզահամալիրի շենքի ջրամատակարարման համար հատկացվել է 4500 լարի: Ինչպես նաև տեղի բյուջեի ֆինանսներով կբարեկարգվեն Ախալքալաքի Արդարադատության և Բարալեթ գյուղի Արդարադատության տների տարածքները:
Ախալքալաքում կկառուցվի մինի մարզադաշտ 50 000 լարիով: Իսկ 4600-ով նախատեսվում է Միկոյան փողոցում կատարել պարսպապատում:
Չհաստատված նախագծում նախատեսվում են նաև արտաքին լուսավորման վերանորոգումը 40 000 լարիով, քաղաքի կենտրոնում Սուրբ Խաչ եկեղեցու տարածքների արտաքին լուսավորության համար բյուջեով հատկացվել է 90 000 լարի:
Ըստ դեռ չհաստատված բյուջեի նախագծի հատկացվել է 50 000 լարի, որով կվերանորոգվի Խուլգումո գյուղի մանկապարտեզը:
Շրջանային ժողովում բյուջեի բոլոր քննարկումներին ժողովի պատգամավորների կողմից քննադատվում է այն հարցը, որ մշակույթի, սպորտի և երիտասարդության ծրագրերի ոլորտում չի արվում այնքան գործ, որքան կարելի է անել բյուջեից հատկացված գումարներով: Սպորտի և երիտասարդության ծրագրերի համար հատկացվել է 50 000 լարի, որը ներառում Տավշանկա ամառային ճամբարի կազմակերպումը 23 000 լարիով:
Մշակութային միջոցառումների համար հատկացվել է 58 000 լարի: Միջոցառման ցանկի մեջ մտնում են «Աշուղ Ջիվանու օրը» (5000 լարի), միջոցառում Վարևան գյուղում (500 լարի) և Սուլդա գյուղում (500 լարի): Ախալքալաք քաղաքի օրվա տոնի համար, որի ֆինանսավորումը 2016 թ.-ի բյուջեում հատկացվել էր 10 000 լարի, այդ անգամ նախատեսել էին 8000 լարի: Հարկ է նշել, որ այս տարի այդ տոնը չկազմակերպվեց, իսկ ծախսերի գումարը վերադարձվել է բյուջե, այդ իսկ պատճառով հաջորդ տարվա համար հատկացվել է ավելի քիչ գումար: «Շքերթներ, փառատոներ սիրողական խմբերի մասնակցությամբ և այլնի անցկացման ծախսեր» անվամբ կետի համար հատկացվել է 37 000 լարի:
Բացի պարգևավճարներից հաջորդ տարի բյուջեի հաշվին կանցկացվի Ամանորյա պարգևատրություն լավագույն աշխատակիցներին, մարզիկներին, սիրողական մասնակիցներին, որի համար հատկացվել է 4000 լարի, իսկ 2016 թ.-ին այդ միջոցառման համար հատկացվել է 6000 լարի: Մշակութային միջոցառումները ներառում էին նաև Էտալոն մրցույթին մասնակցությունը, որին հատկացված է 3000 լարի:
Աշխատանքի ծառայության, հանրային առողջության գործունեության համար Ախալքալաքի Շրջանային վարչությունը հատկացրել է 657 000 լարի: Հարկ է նշել, որ նորածինների մեկ անգամ աջակցության համար նախատեսվում է հատկացնել 170 000 լարիի: Միանվագ ֆինանսական աջակցություն սահմանափակ կարողություններով մարդկանց, ռեպրեսիայի ենթարկվածներին (ճնշվածներին), ծնողազուրկ երեխաներին, միայնակներին և թոշակառուներին, փախստականներին, բազմազավակ ընտանիքներին (4 կամ ավելի երեխաներ) և սոցիալապես անապահով երեխաներին (մինչ 1000 լարի) նախատեսվում է 100 000 լարի գումար:
Շրջանային հաստատությունների համար նախատեսվում է ընդհանուր առմամբ 2 057 360: Հաջորդ տարում մանկապարտեզների ֆինանսավորումը կիրականացվի Մանկապարտեզների Միավորման միջոցով, որով նախատեսված է 938,260 լարի:
Ախալքալաքի շրջանի 2017 թ.-ի բյուջեն Շրջանային ժողովը կհաստատի օրերս, մինչ տարվա վերջ: Գրեթե ամեն օր, Շրջանային ժողովը քննարկում է բյուջեն, որը օրենքով սահմանված կարգով բաց է Ախալքալաքի շրջանի բոլոր բնակիչների համար, բայց այդ քննարկումներին ոչ-ոք չի գալիս:
Քրիստինե Մարաբյան