Երեկ՝ փետրվարի 25-ին, ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի «Վրաստանի Հայ Հանայնք» հասարակական կազմակերպության և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակույթային կենտրոնի նախաձեռնությամբ՝ Թբիլիսիում կայացել է խաղաղ երթ: Հավլաբարի Սուրբ էջմիածին եկեղեցու հարակից տարածքից մի խումբ հայեր երթով շարժվեցին դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Եկեղեցում Սթափության կոչով հանդես է եկել Վիրահայոց թեմի առաջնորդը․
«Մենք հիշում ենք՝ Սումգայիթը, ցեղասպանությունը, 44-օրյա պատերազմը, բայց դրանք հիշելով հանդերձ ի՞նչ ենք անում, ի՞նչ քայլ ենք ձեռնարկում, ցավոք սրտի՝ ոչինչ: Մեր ազգն այսօր անառակ որդու նման, վերցնելով մի մասը, որն իր կյանքն է, վատնում է, ինքը չի ուզում պահպանել այդ ամենը և միայն հիշելով ու թշնամուն անիծելով մենք միայն ավելացնելու ենք հիշատակի օրերը: Մենք ուրախանում ենք, երբ ինչ-որ մի երկիր դատապարտում է այդ ամենը, բայց դա զրոյական է, երբ փոքր միջատ է ընկնում սարդոստայնը խճճվում և մնում է, իսկ երբ մեծն է ընկնում պատռում է այն և դուրս գալիս, հետևաբար, ոչ մի անգամ ուժեղին չեն կարողանա դատապարտել։ Ուժեղին դատապարտելու համար պետք է դառնալ նրանից ուժեղ, իսկ մենք կարծես համակերպվել ենք ամեն ինչին։ Սթափվեք, միավորվեք, որ կարողանանք պաշտպանել այն ամենը, ինչ այսօր ունենք»:
Պատարագից հետո երթի մասնակիցները շարժվեցին դեպի «Հայարտուն» կենտրոն, որտեղ ցուցադրվեց ֆիլմ Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ, որն ամբողջությամբ տակնուվրա արեց ներկաների հուզական ներաշխարհը։
«Սումգայիթյան ջարդերը մեր ոչ վաղ պատմության ծանր ու ողբերգական իրադարձություներից է, որի անպատժելիությունը հանգեցրեց, Բաքվում, ապա՝ Մարաղայում նոր կոտորածների, ապա՝ Սաֆարովին ազգային հերոսի կոչում տալը լեյտենանտ Մարգարյանին սպանելու համար, 44-օրյա դաժան պատերազմը. այս ամենը փաստում է այն մասին, որ պետք է դաս քաղել պատմությունից, լինել միասնական ու համախմբվել, որպեսզի հաղթահարենք այն դժվարություները որոնք այսօր ծանրացած են մեր ազգի առջև», – իր խոսքում նշել է «Վրաստանի Հայ Հանայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաև Արսենը, ով ծնվել է Բաքվում և մինչև բանակային տարիներն ապրել է այնտեղ:
«Հիշում եմ՝ մի անգամ զինվորական համազգեստով գետնանցումն անցնելիս, մի խումբ զինվորականներ մոտեցան և ադրբեջաներենով հարցրեցին, թե ինչ ազգի ներկայացուցիչ եմ, ասեցի՝ հայ եմ, չխաբեցի, նրանցից մեկը խփեց ուսիս ձեռքով և ասաց՝ դու իսկական տղամարդ ես, որ ասացիր հայ ես: Այն ինչ կատարվել է այնտեղ սարսափելի է, զանգվածային ազգասպանություն, բայց կային նաև ադրբեջանցիներ, ովքեր թաքցրել են իրենց տանը հայերին, կային, բայց քիչ էին, շատերն ուրացան այն երկար տարիների կյանքն ու ճանապարհը, որ միասին անցել էին։ Կհիշեմ ծննդատան բուժքրոջը, կար հստակ հրահանգ երեխաների ձեռքերին թևնոց կապել, որով կկարողանային տարբերել հայերին, բուժքույրը բոլոր երեխաների ձեռքերից հանել էր թևնոցները, և երբ գնացել էին ծննդատուն հայ մանուկներին սպանելու, չէին կարողացել», – իր տեսածը վերապրելով պատմում է Արսենը:
Սումգայիթյան ջարդեր, խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988 թ. փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։