«Վրաստանի բանկի» (Bank of Georgia Group PLC) կողմից հայկական «Ամերիաբանկը» ձեռք բերելու մասին գործարքը հաստատվել է։ «Վրաստանի բանկ»-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ «Վրաստանի բանկ»-ը 303.6 միլիոն դոլար կվճարի «Ամերիաբանկը» գնելու համար։

Այս մասին պաշտոնական հայտարարություն տարածելուց հետո Bank of Georgia Group PLC-ի գործադիր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն հայտարարել էր.

«Այսօր մենք հայտարարել ենք Հայաստանի առաջատար ունիվերսալ բանկի 100 տոկոս բաժնետոմսերի գնման մասին։ Ամերիաբանկը հաճախորդների շրջանում վստահության և ճանաչման առումով թիվ մեկ բանկն է: Վրաստանի Բանկի խումբը կամրապնդի Ամերիաբանկը՝ կիսելով վրացական շուկայում արդեն իսկ ձեռք բերված հաջողությունները։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ամերիաբանկի» թիմին բավականին հագեցած աշխատանքային ռեժիմում համագործակցության համար։ Անհամբեր սպասում եմ նրանց հետ աշխատելուն»:

Ի դեպ, «Վրաստանի բանկը» վրացական շուկայում առաջատար ֆինանսական կազմակերպություններից է։ «Վրաստանի բանկ»-ի ամենամեծ բաժնետերը Georgia Capital–ն է, սակայն բաժնետոմսերը պատկանում են ներդրումային այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են JP Morgan-ը, BlackRock-ը, Vanguard-ը և այլն:

Հայաստանյան 168.am լրատվականի փոխանցմամբ՝ այժմ «Ամերիաբանկ»-ի բաժնետերերն են «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82 տոկոսը հիմնադրել է Ռուբեն Վարդանյանը), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71 տոկոս), Ասիական զարգացման բանկը (13,91 տոկոս), ինչպես նաև ESPS Group–ը, որում ընդգրկված են Ameria Group-ի մի շարք մենեջերներ (12,05 տոկոս): 2023 թվականի տարեվերջի դրությամբ «Ամերիաբանկ»–ի ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ–ում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին դիրքերը զիջել է «Արդշինբանկ»–ին: