ՆԳՆ պաշտոնական կայքում հրապարակվել է նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների տվյալները։ Վիճակագրության համաձայն՝ 2023 թվականին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ցուցանիշը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է։

Ինչպես նախորդ տարիներին, 2023-ին էլ շարունակվել է հանցագործությունների բացահայտման տեմպերի աճի միտումը, և նախորդ տարի գրանցված հանցագործությունների 64,87%-ը բացահայտվել է քննչական մարմինների կողմից։

2023 թվականին սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ կատարված հանցագործությունների թիվն աճել է տուժողների կողմից ոստիկանության նկատմամբ վստահության և վարքագծի աճին համամասնորեն։

Ինչ վերաբերում է հարկադիր ամուսնության փաստերին, ապա 2023 թվականին այն աճել է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը մեծապես պայմանավորված է այս հանցագործության մասին հասարակության իրազեկվածության բարձրացմամբ։

2023 թվականին կրճատվել են կյանքի դեմ ուղղված հանցագործությունների փաստերը: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է դիտավորությամբ սպանության և սպանության փորձի 178 դեպք, որը 2022 թվականի տվյալների համեմատ նվազել է 8.71%-ով։ Կրճատվել են նաև դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստերը։

Շարունակվում է նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազման միտումը։ Նվազել են գողության դեպքերը, այդ թվում՝ բնակարանային:

Թմրամիջոցների ապօրինի տարածման դեմ ոստիկանության կողմից իրականացվող արդյունավետ իրավական քաղաքականության և ՆԳՆ կողմից թմրամիջոցների հանցավորության դեմ ակտիվ պայքարի արդյունքում աճել են թմրամիջոցների բացահայտման փաստերը։

2023 թ․-ին, 2022 թվականի համեմատ, իրավապահների կողմից թմրամիջոցների հանցագործության բացահայտման փաստերն աճել են 20.53 տոկոսով։ Բացահայտման աճ է արձանագրվել նաև կիբերհանցագործությունների մասով և կազմում է 7,3%-ով ավելի։