Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները ստուգել են ավտոմեքենաների վառելիքի որակը՝ օդում վնասակար նյութերի արտանետումները նվազեցնելու և կանխելու նպատակով։
Բնապահպանական վերահսկողության վարչության տվյալներով՝ հանրապետության 100 բենզալցակայաններից վերցվել է դիզվառելիքի 80 և շարժիչային բենզինի 20 նմուշ։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում խախտումներ են հայտնաբերվել 28 նմուշներում։ Դիզվառելիքի 25 և բենզինի երեք նմուշներում վառելիքի որակը չի համապատասխանել օրենսդրական չափանիշներին։ 12 նմուշում խախտվել է ծծմբի պարունակությունը, 10 նմուշում առկա է եղել անհամապատասխանություն փակ հալքանոթում դետոնացիայի ջերմաստիճանի սահմանված ստանդարտին։ Որոշ դեպքերում միաժամանակ մի քանի պարամետրեր են խախտվել։
Բնապահպանական վերահսկողության վարչությունից հայտնում են, որ վարչության աշխատակիցները իրավախախտների նկատմամբ կազմել են համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Տուգանքների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 2 մլն լարի։ Գործի նյութերն ուղարկվել են համապատասխան դատարաններ՝ հետագա քննարկման համար։
«Վարչությունը պարբերաբար վերահսկում է գազալցակայաններում վառելիքի որակը, որպեսզի նվազագույնի հասցվի անորակ վառելիքի սպառումը, ինչն իր հերթին էապես նվազեցնում է օդում վնասակար նյութերի արտանետումները»,– հայտնում են վարչությունից։