Վրաստանում 2024 թվականի հունվարին արդեն գրանցվել է կարմրուկի 16 դեպք, որից 14-ը՝ Թբիլիսիում։ Բժիշկները կոչ են անում երեխաներին պատվաստել՝ համաճարակներից խուսափելու համար։ Ախալքալաքում ոչ մի դեպք չի գրանցվել՝ ոչ 2024 թվականի հունվարին, ոչ էլ 2023 թվականի ընթացքում։
Իմունականխարգելման ազգային տեխնիկական խումբը մանրամասներ է ներկայացնում կարմրուկի արձանագրված դեպքերի մասին: Վրաստանում դեպքերի մեծամասնությունը 20-ից 40 տարեկանի սահմաններում է։ Համեմատության համար բերված են տվյալներ անցած տարվանից, երբ գրանցվել է հիվանդության ընդամենը 26 դեպք։
Իաշվիլիի անվան Կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն կարծում է, որ իրավիճակը դեռ այնքան էլ բարդ չէ, սակայն պետք է այդ առումով մտահոգվել՝ հաշվի առնելով հարևան երկրներում կարմրուկի դեպքերի աճը։ Նա ծնողներին հորդորում է ժամանակին պատվաստել երեխաներին:
ԱՀԿ-ն նույնպես անհանգստացած է կարմրուկի դեպքերի աճով, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում միլիոնավոր երեխաներ չեն պատվաստվել:
Կարմրուկը վտանգավոր, վարակիչ, ինֆեկցիոն հիվանդություն է, որը տարածվում է օդային ճանապարհով, երբ վարակված մարդը հազում է կամ փռշտում: Այն առավել հաճախ հանդիպում է 5 տարեկանից փոքր երեխաների մոտ։ Հետևաբար, Վրաստանում կարմրուկի դեմ երեխաներին պատվաստում են երկու անգամ՝ մեկ տարեկանում և հինգ տարեկանում։
Հիվանդության ախտանշաններն են՝ ջերմություն, հազ, հարբուխ և բնորոշ ցան։ Մեծահասակները շատ ծանր են տանում կարմրուկը:
Կարմրուկի դեմ պատվաստումների ծածկույթի նվազումից հետո մի քանի տարի շարունակ դեպքերի թիվն աճել է 18%-ով (2022թ.), իսկ վարակից մահացությունների թիվն աճել է 43%-ով (2021 թ.-ի համեմատ):
Ախալքալաքում կարմրուկի դեպքեր չեն գրանցվել, ըստ Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի, դա պայմանավորված է նրանով, որ գյուղերում կարմրուկի դեմ պատվաստումն իրականացվում է ըստ պլանի։ Քաղաքն այս հարցում մի քիչ կաղում է, սակայն չտարածմանը նպաստում է այն, որ մեծամասնությունը պատվաստված է։