Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:

2023 թ․-ին ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումները Հայաստանում ավելացել են։ Գրանցվել է 60 դեպք, նախորդ՝ 2022 թ․-ին նման դեպքերի թիվը 55 էր։ Այս մասին հայտնել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Մամուլի ասուլիսի ժամանակ մեդիափորձագետն անդրադարձել է նաև երկրում խոսքի ազատության իրավիճակին, լրագրողների և լրատվանիջոցների իրավունքների խախտումներին։

Բարդ տարի լրատվամիջոցների համար

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն այսպես է բնորոշել 2023 թվականը։ Մատնանշել է հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումներն ու զանգվածային բողոքի ակցիաները, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրություններին նախորդած սուր պայքարն ու հետընտրական զարգացումները։

Տեղի ունեցած «տագնապալի իրադարձությունների» շարքում հիշատակել է նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը Արցախի վրա, 100 հազարից ավելի արցախցիների բռնի տեղահանությունը։

Ֆիզիկական բռնությունների նվազում

Կոմիտեի հրապարակած տարեկան զեկույցի համաձայն՝ նախորդ տարի ՀՀ-ում գրանցվել են լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր, այլ տեսակի ճնշումներ, այդ թվում՝ ատելության արտահայտում, սպառնալիք։

Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ՝ այդ ամենի ֆոնին, սակայն, 2023 թվականին Հայաստանում նկատվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների թվի նկատելի նվազում․

«Գրանցվել է 6 դեպք, 2022 թվականին 14-ն էր արձանագրվել»։

Հավատարմագրումը՝ «լավություն» լրատվամիջոցին

ԽԱՊԿ նախագահի գնահատմամբ՝ պետական մարմինները լրագրողների հավատարմագրումը համարում են «աշխատանքի թույլտվություն կամ լավություն լրատվամիջոցին»: Օրինակ է բերում ընդդիմադիր «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին ԱԺ հավատարմագրումից զրկելը․

«Դժվարանում եմ մտաբերել, թե անցած 30 տարիների ընթացքում լրագրողին հավատարմագրումից զրկելու դեպք եղե՞լ է, թե ոչ, բայց որ այս իշխանությունների օրոք սա արդեն երկրորդ դեպքն է, և ամենևին էլ արդարացված չէ, դա փաստ է»։

Ասում է՝ լրագրող-պատգամավոր, լրագրող-ԱԺ ղեկավարություն հարաբերությունների կոնֆլիկտային լինելը վկայում է այն մասին, որ գործող կարգերը վերանայելու և «առողջացնելու» ուղղությամբ փորձեր չեն արվում։

Լղոզված պատասխաններ պետական մարմիններից

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի խոսքով՝ արձանագրվել են նաև տեղեկատվության ազատության սահմանափակման դեպքեր։ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ներկայացված հարցումները պետական մարմինները անհիմն մերժել են կամ տվել ոչ ամբողջական պատասխաններ։

«2023 թ․-ին տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 135 դեպք է եղել, 2022 թ․-ին՝ 115։ Այս 135 դեպքը վերաբերում է հանրային նշանակության բաց տեղեկություններին։ Դրանք չեն տրամադրվում պետական մարմինների կողմից։ Եթե տրամադրվել են, ապա կամ թերի են եղել, կամ՝ լղոզված»,- շեշտել է նա։

Վստահեցրել է՝ այդ 135 դեպքերով պետական կամ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ չեն հայցվել․

«Մենք շատ ուշադիր վերլուծում ենք այդ տվյալները, և եթե ԶԼՄ-ն կամ լրագրողը դիմել է մի պետական մարմնի ու հայցել է պետական կամ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ ու մերժվել, դա խախտում չենք համարում, որովհետեւ գաղտնիքն իսկապես ենթակա չէ տրամադրման»։

Փորձագետը լրագրողներին խորհուրդ է տալիս նման դեպքերում դիմել վարչական դատարան։

Ասում է՝ դա պետք է անել ոչ միայն պետական մարմնից պահանջվող տեղեկությունը ստանալու, այլև նրան պատասխանատվության ենթարկելու համար։

Իրականացվում է դատական հայցերի մոնիթորինգ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ուսումնասիրում է ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացված դատական հայցերը։ Մելիքյանի խոսքով՝ փորձում են հասկանալ՝ որքանով է հիմնավոր հայցը, արդյոք որոշումը արդարացի է և օրինաչափ։ Պատրաստվում են տվյալներն ամփոփել առանձին զեկույցով։

ԽԱՊԿ նախագահն ասում է՝ դատական հայցերի քանակը 2023 թ․-ին ավելացել է։

«2022 թ․-ին եղել է 32 նոր գործ, 2023 թ․-ին՝ 36։ Հիմնականում եղել ենք վիրավորանքի և զրպարտության հիմքով»։

Աշոտ Մելիքյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախքան դատարան դիմելը հերքման կամ պատասխանի իրավունքից օգտվելու ցանկություն մեծ մասը չի էլ հայտնել։

Կարծում է՝ առավել արդյունավետ և արագ կարող են լինել արտադատական լուծումները, օրինակ՝ Տեղեկատվական վեճերի խորհուրդ և/կամ ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմին դիմելը։