Մանր անասնապահ ֆերմերները դժգոհում են, որ պանրագործներն իրենց պանիրը պատրաստում են կաթի փոշուց, ինչի հետևանքով բնական կաթի պահանջարկը նվազել է, և այն վաճառվում է ցածր գնով։ Տեղական կաթ մշակողներն ասում են, որ իրենք մշակում են տեղական, բնական կաթը և չեն կարող մրցել կաթի փոշուց պանիր արտադրողների հետ, դրա համար չեն կարողանում բարձր վճարել կաթի համար։ Ինչպիսին է պանրի արտադրության վերահսկողության հետ կապված իրավիճակը, Jnews-ը հետաքրքրվել է Պարենի ազգային գործակալությունից։
Մոտ մեկ տարի է, ինչ Ջավախքի անասնապահները բողոքում են կաթի ցածր գնից։ Նրանց խոսքով, իրենց համար ընդունելի չէ 1,2 լարիի գինը, սակայն այլ ելք չունեն, քան այդ գնով հանձնել։ Մինչ այս, կաթը վաճառվում էր 1,8 լարիով, ինչը նպաստեց նրան, որ շատերն ավելացրեցին իրենց անասունների գլխաքանակը։
Վարազդատ Հակոբյանը նրանցից մեկն է, նա Դադեշ գյուղից է։ Բայց հիմա անասնապահությունը նրա համար դարձել է ոչ եկամտաբեր զբաղմունք։
«Այս տարի նույնիսկ ձմռանը կաթը չթանկացավ: Դրանից ավել կաթի համար չեն վճարում, ասում են, որ իրենց ապրանքը չի վաճառվում: Օրենք չկա, որ գործընթացը վերահսկի, իսկ նրանք տալիս են այնքան, որքան ուզում եմ: Ես օրական 200 լիտր կաթ ունեմ, ինչ անեմ»,- ասում է Վարազդատ Հակոբյանը։
Նույն իրավիճակում է հայտնվել նաեւ Գառնիկ Վարդերեսյանը։
«Հանձնում եմ 1,20 լարիով, ձեռնտու չէ, բայց ելք չկա: Ես 20 կով ունեմ, կաթը չգիտենք ինչ անենք: Առաջ 1-2 կով ունեի, հետո ավելացրինք գլխաքանակը, քանի որ կաթը թանկացավ: Գնորդը Նինոծմինդայից է, բայց կա և Դիլիֆից»,- ասում է Գառնիկ Վարդերեսյանը։
Նինոծմինդացի պանիր արտադրող Արկադի Զալալյանն ասում է, որ չի կարող ավելի շատ վճարել կաթի դիմաց, քանի որ իր պանիրն այլևս մրցունակ չէ այլ պանիրների հետ:
«Ձմռանը 10 թեթրիով բարձրացրեցինք կաթի գնման գինը, բայց նորից ստիպված եմ իջեցնել, քանի որ մեծ քաղաքներում ապրանքի (խմբ. պանրի) գինը նվազել է, իմ պանիրը թանկ է, դրա համար չի վաճառվում: Էժան պանիրն ինձ մրցակից է և խանգարում է իմ պանրի վաճառքին: Ես պանիրը բնական կաթից եմ պատրաստում, ոչ թե փոշուց, ուստի այն թանկ է: Իսկ մարդիկ գնում են էժանագինը, ոմանք թանկն են գնում՝ իմանալով համը, բայց նրանք քիչ են գնում, բոլորն ուզում են էժան ապրանք գնել»,- ասում է Արկադի Զալալյանը։
Ինչպիսի հսկողություն է իրականացվում պանրի և կաթնամթերքի արտադրության նկատմամբ Ջավախքում, ինչպիսի չափանիշներ կան և կարելի է արդյոք փոշուց պանիր պատրաստել, այս հարցերով Jnews-ը դիմել է Պարենի ազգային գործակալությանը և սպասում է պատասխանի։