Վրացական շուկայում կա և՛ նոր, և՛ օգտագործված ձմեռային անվադողերի պակաս։
Սրա պատճառը հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենքն է, որը նախատեսում է համապատասխան սեզոնին մեքենաների պարտադիր ապահովումը ձմեռային անվադողերով։
«Ավտոբան» ընկերության հիմնադիր Բակուր Խունդաձեն հայտարարել է, որ այս օրենքը սխալ է, քանի որ պետությունը չպետք է ուղղակիորեն միջամտի անվադողերի հետ կապված հարցերին։
«Ցանկացած եվրոպական երկրում ապահովագրական ընկերությունները զբաղվում են այդ հարցով։ Ապահովագրությունն այնտեղ պարտադիր է, և, հետևաբար, երբ մարդը չունի ձմեռային անվադողեր և ստիպված է սարերով երթևեկել, ապահովագրական ընկերությունը զգուշացնում է մեքենայի տիրոջը, որ նման հանգամանքներում վթարի դեպքում ծախսերը չեն փոխհատուցվի։ Իհարկե, երթևեկության անվտանգության հարցերը շատ կարևոր են, և ձմռանը բոլորը պետք է վարեն ձմեռային անվադողերով, բայց, միևնույն ժամանակ, օրենքի այս տեսքով ներդրումն արդարացված չէ»,- ասել է Բակուր Խունդաձեն։
«Ավտոբան» ընկերության հիմնադիրն ընդգծում է նաև, որ վրացական շուկայում ձմեռային անվադողերի պակասը, որն առաջացել է օրենքի ներդրմամբ, հանգեցրել է պահանջարկի կտրուկ աճի, սակայն գները դեռ չեն փոխվել։
«Մենք չէինք սպասում, որ ձմեռային անվադողերի այդքան մեծ պահանջարկ կլինի, ուստի պատրաստ չէինք դրան։ Հետևաբար՝ շուկայում պակասուրդ առաջացավ։ Չնայած դրան՝ գները առանձնապես չեն բարձրացել։ Ինչ-որ մեկն օգտվում է այս իրավիճակից, իսկ ինչ-որ մեկն անվադողեր է վաճառում համարժեք գնով»,- հայտարարել է Բակուր Խունդաձեն։