Ախալքալաքի քաղաքային և մունիցիպալ ճանապարհների փոսային նորոգման մրցույթը կհայտարարվի մեկ ամսվա ընթացքում։ Ախալքալաքի որոշ փողոցների փոսերը մնացել են անցյալ տարվանից, որոնք ավելի են ընդարձակվել ու խորացել։ Նախորդ տարվա մրցույթից էլ միջոցներ են մնացել, քաղաքապետարանը դրանք կօգտագործի, եթե նման անհրաժեշտություն առաջանա՝ մինչ նոր ընկերության հետ պայմանագիր կնքելը։

2023 թվականին առաջին անգամից կայացել է փոսային նորոգման մրցույթը։ Այն շահել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը 300 000 լարի մեկնարկային գնով։ Ինչպես Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Մելքոն Մակարյանը, 2023 թվականին խնայվել են փոսային նորոգման համար հատկացված միջոցները, և մունիցիպալիտետը որոշել է այդ խնայողություններն օգտագործել 2024 թվականին։

«Ելնելով եղանակային պայմաններից՝ մենք որոշեցինք, որ 2024 թվականին կշարունակենք՝ այն ամենով, ինչը խնայվել է: Մենք ընկերությանը կտանք տեղեկատվություն տարածքի մասին, որտեղ անել, և քանի տոննա է մնացել, նրանք կանեն։ Մենք պատրաստվում ենք նոր մրցույթը հայտարարել քաղաքում և գյուղերում, հիմա տեղեկություններ ենք հավաքում, թե որտեղ կան փոսեր, արդեն փաստաթղթերն ենք պատրաստում, հավանաբար հունվարին կհայտարարենք, որ երբ եղանակը թույլ տա աշխատել, պայմանագիրն արդեն լինի»,- մեկնաբանեց Մակարյանը։

Ախալքալաք քաղաքում փոսերը հիմնականում վերանորոգվել են, սակայն կան փողոցները, որտեղ փոսային նորոգում երբեք չի իրականացվել։ Մաշտոցի փողոցի հատվածը և Աղմաշենեբելիի բազմահարկ շենքերի բակերն անմխիթար վիճակում են։ Թիֆլիսյան փողոցն անանցանելի է, ուստի փոսային վերանորոգումն այնտեղ չի օգնի, նախատեսում են հիմնովին վերականգնում իրականացնել, բայց դեռ հայտնի չէ, թե երբ։ Քաղաքն ունի նաև բազմաթիվ քանդված հատվածներ՝ կապված բնակիչների կամ սպասարկող տարբեր ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքների հետ։

Հիշեցնենք, որ պայմանագրի համաձայն՝ փոսային նորոգման աշխատանքները պետք է կատարվեն պատվիրատուի տեխնիկական բնութագրերին համապատասխան։ Աշխատանքը ներառում է վնասված ասֆալտաբետոնե ծածկի հեռացում, հեռացումից հետո թափոնների հեռացում, խծապի կտրում և բիտումով լցում, կողքերին 0,6 կգ/մ² հեղուկ բիտումի քսում, այնուհետև ասֆալտե ծածկի վերին շերտի պատում: