Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերների համար ավարտվում է ևս մեկ գյուղատնտեսական տարի: Տարին լի էր հիասթափություններով: Ցածր գներ, տարերային աղետներ, սեզոնային հիվանդություններ և ցածր պահանջարկ՝ ահա թե ինչպիսին էր Ախալքալաքի կարտոֆիլագործների համար 2023 թվականը:
2023 թվականը մունիցիպալիտետում սկսվեց բանալ՝ 2022 թվականի կարտոֆիլի բերքը չէր իրացվում: Ախալքալաքի կարտոֆիլի գինը, խոշոր քաղաքների մեծածախ շուկաներում, 2023 թվականի ամանորյա տոներից անմիջապես հետո իջավ, գնորդները քիչ էին և նրանք էլ ձեռք էին բերում են ցածր գներով։ Սա անսպասելի էր տեղի կարտոֆիլագործների համար, նրանք ակնկալում էին, որ գարնանն ընդառաջ կարտոֆիլի գները կբարձրանան, քանի որ Ախալքալաքի կարտոֆիլը դիմացկուն է և պահպանվում է գրեթե մինչև ամառ։ Մանավանդ այս տարի, նրանք այս տարի ակնկալում էին գների բարձրացում, քանի որ 2022 թվականի կարտոֆիլի բերքը քիչ էր։ 2023 թվականի սկզբին Ախալքալաքի կարտոֆիլը վաճառվում էր 1-1,2 լարիով։
Ֆերմերները դժգոհ էին, նրանք թանկացման սպասումով իրենց կարտոֆիլը չէին վաճառում նույնիսկ այն սակավաթիվ գնորդներին, ովքեր, այնուամենայնիվ, գալիս էին։
Փետրվարին Ախալքալաքի կարտոֆիլի գնի ու պահանջարկի աճի միտում է դիտարկվում։ Գինը թանկանում է 20-30 թեթրիով։ Այսպիսով, փետրվարին կարտոֆիլը տեղում վաճառվում էր վերավաճառողներին 1,2-1,4 լարիով։
Սակայն, աճող միտումը երկար չտեւեց։ Մարտին կարտոֆիլը կրկին էժանացավ, գնի հետ մեկտեղ նվազեց նաեւ պահանջարկը։ Գինը իջավ մինչև 50-60 թեթրի։ Գինն ու պահանջարկը չբարձրացան, մինչև անցյալ տարվա կարտոֆիլը վերջնականապես աղբանոց չնետվեց։
Շատ ֆերմերներ կարծում են, որ Ախալքալաքի կարտոֆիլի պահանջարկի նվազման պատճառը շուկաներում մեծ քանակությամբ ներկրված կարտոֆիլի առկայությունն է։ Դիլիսկա գյուղից ֆերմեր Վարազդատ Սալվարյանը իրավիճակը պայմանավորում է լարիի փոխարժեքի ամրապնդմամբ:
«Լարին հաստատել է իր դիրքերը, ռուբլին էժանացել է, կարտոֆիլը Ռուսաստանից էժան գնում էին ու այստեղ թանկ վաճառում: Ես մշտական գնորդներ ունեմ, ես բերքս վաճառել եմ»,- ասում է Վարազդատ Սալվարյանը։
Ագանա գյուղից գյուղատնտես, ֆերմեր Արշալույս Գալստյանը կարծում է, որ շուկայում կարտոֆիլն ավելի շատ է եղել, քան պահանջարկը։
Կարտոֆիլի արտահանումը Վրաստան այս տարի ռեկորդային է եղել։ Ըստ bpn.ge-ի, հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կարտոֆիլի ներմուծումն աճել է գրեթե 6 անգամ, իսկ արտահանումը նվազել է 5 անգամ։ Մասնավորապես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա 10 ամիսներին Վրաստանից արտահանվել է 4710 տոննա (1,289 մլն ԱՄՆ դոլար) կարտոֆիլ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23301 տոննայի (5,174 մլն ԱՄՆ դոլար) համեմատ։
Անցյալ տարվա կարտոֆիլը ոչ միայն տոննաներով հայտնվեց աղբավայրում, այլև 2023 թվականի կարտոֆիլի բերքահավաքը նույնպես անհաջող էր: Ախալքալաքի մունիցիպալիտետի հյուսիս-արևելյան հատվածի գյուղերում ամռանն առատ անձրևները դաշտերից լվացին ցանած կարտոֆիլը։ Տուժողներին փոխհատուցում չտրվեց, նրանք դրա իրավունքը չունեն, քանի որ պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսության ապահովագրությունը, իսկ տեղի ֆերմերները, մեծ մասամբ, չեն ապահովագրում կարտոֆիլի ցանքատարածությունները։
Տարին առանձնացավ նաև տարբեր հիվանդությունների տարածմամբ, շատերը չկարողացան բուժել իրենց կարտոֆիլի դաշտերը տարածված հիվանդությունից, ու դաշտերը չորացան հիվանդությունից։
Բերքատվությունը 2023 թվականին միջին էր։ Հեկտարից միջին բերքատվությունը կազմում է 35 տոննա։ Որոշները գոհ էին բերքից, որոշները՝ ոչ։ Այս տարվա կարտոֆիլի բերքատվության վրա ազդեցին ոչ միայն եղանակային պայմանները, այլեւ կարտոֆիլի սորտերը։ Կարտոֆիլի որոշ տեսակներ ընդհանրապես չծլեցին։ Դրա ստույգ պատճառները այդպես էլ չպարզվեց, սակայն ֆերմերները կարծում են, որ պատճառը անորակ կարտոֆիլի սերմերն են: Հիմնականում «Գրանադա», «Օդետտա», «Արիզոնա» սորտերը ցանած մարդիկ էին դժգոհ բերքից։
Աշնանը գյուղացիները դժգոհ էին կարտոֆիլի գնից, դժգոհում էին նաև ցածր պահանջարկից։ Այս իրավիճակը շարունակվում է մինչ օրս։ Կարտոֆիլի գինը շուկաներում տատանվում է 60 թեթրիից մինչև 70 թեթրի։
Գյուղատնտես Եղիշ Աղաջանյանը կարծում է, որ տարին գյուղատնտեսական առումով անհաջող էր:
«Ամեն ինչ թանկացել է, դրսից բերված կարտոֆիլի սերմացուն թանկացել է, 4-5 լարի արժի: Քսուքները, այրվող նյութերը, պահեստամասերը ևս թանկացել են: Ես իմ կարտոֆիլն աշնանն եմ վաճառել՝ բերքահավաքից հետո, 70 թեթրիով, բայց բանն այն է, որ երբ շրջապատում մյուսների համար վատ է, դու չես կարող քեզ լավ զգալ: Հիմա կարտոֆիլի գինն ընկել է, գնորդներ չկան: Մարդիկ անելանելի վիճակում են, չգիտեն թե ինչ անել»,- ասում է Եղիշ Աղաջանյանը։
Նրա խոսքով, մունիցիպալիտետում 2023 թվականի կարտոֆիլի բերքի 60 տոկոսը դեռ չի իրացվել։
Շատ ֆերմերներ հիասթափված են, մտավախություն ունեն, որ իրենց բերքը նորից կհայտնվի աղբավայրերում: Նրանք արդեն նախատեսում են կարտոֆիլ չցանել կամ կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատել։
«Շատ կարտոֆիլագործներ արդեն ինձ իրենց հողերն առաջարկել են, բայց ես այդքան շատ չեմ կարող ցանել»,- ասում է Վարազդատ Սալվարյանը։