Այս տարի Ախալքալաքի սպասարկման կենտրոնը ստացել է 125 աղբաման, որոնք տեղադրվել են մունիցիպալիտետի տարբեր գյուղերում։ Դրանք ավելացվել են ինչպես այն գյուղերում, որտեղ արդեն կային, այնպես էլ այն գյուղերում, որտեղ չկային։ 2024 թվականին ևս նախատեսվում է նոր աղբամաններ ձեռքբերել, ինչպես նաև աղբահան մեքենա։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, գյուղերում աղբամաններ ավելացնելով նաև նրանք կարողացել են աղբի գումարը հավաքել։
«Գյուղերում կային տեղադրված, մենք ավելացրինք քանակը, որպեսզի կարողանանաք աղբի գումարը հավաքել։ Ընտանիքում անձը պետք է վճարի 0,50 թեթրի, սակայն, եթե օրինակ մի ընտանքիում կա 5 կամ 7 հոգի, ապա պետք է վճարեն 4 անձի համար, այսինքն՝ ամիսը երկու լարի։ Այդ որոշումը սակրեբուլոն է կայացրել։ Երեխաները այդ հաշվում ներառված չեն», – ասաց Մխիթար Ռստակյանը։
Յուրաքանչյուր գյուղում ունեն պայմանագրով աշխատողներ, ովքեր հավաքում են այդ գումարը։
Հարկ է ավելացնել, որ 2024 թվականին նախատեսվում է ստանալ նոր աղբամանաներ, որոնց համար ընդհանուր էլեկտրոնային մրցույթ կհայտարարվի ողջ պետության մասշտաբով։ Ախալքալաքի մունիցիպալիտետը նախատեսում է եկող տարվա ապրիլ ամսին ստանալ մեկ աղբահան մեքենա։