Ցրտերի սկսվելուն պես Ջավախքում խոշոր եղջերավոր անասունների կաթնատվությունը նվազել է, կաթը թանկացել, բայց, ըստ անասնապահների, ոչ այնքան, որ կով պահելը ձեռնտու լինի։ Շատերը կամ կրճատել են իրենց անասունների գլխաքանակը, կամ մտածում են այդ մասին։ Իսկ ոմանք ավելի շահավետ ելք են գտել։

2023 թվականի գարնանը կաթի գինը զգալիորեն նվազեց և չի վերականգնվում նույնիսկ այն սեզոնին, երբ կաթը թանկանում է առաջարկի նվազման պատճառով։ Անասնապահներից շատերը հույս ունեին, որ երբ այս սեզոնը գա, կաթ գնողները կբարձրացնեն գնելու գինը։ Բայց գինը դեռ չի հասել այն մակարդակին, ինչ նախորդ տարի էր։ Այս տարվա ձմռանը և անցյալ տարվա աշնանը Ջավախքի ֆերմերները կաթի մեկ լիտրը հանձնել են 1,80 լարիով, իսկ այս տարվա մարտ-ապրիլին գինը կտրուկ նվազեց՝ հասնելով մեկ լիտրը 1 լարիի։ Գնի հետ մեկտեղ նվազեց նաև պահանջարկը, գնորդներն ավելի քիչ էին։ Կաթ գնողները սկսեցին ավելի քիչ գնել։ Ֆերմերները տարակուսանքի մեջ էին, որոշ գյուղերում նույնիսկ հրաժարվում էին կաթ վաճառելուց, բայց հետո ստիպված եղան վերսկսել վաճառքը, քանի որ կաթնամթերքի արտադրությունն էլ իր խնդիրներն ունի։ Գյուղեր կան, որտեղ կաթի գնորդները ընդհանրապես դադարել էին գնալ։ Դրանցից մեկը, պարզվեց, Օլավերդ գյուղն էր։ Նրանք ստիպված էին ինքնուրույն մշակել կաթը և փոխանակել սննդի և ապրանքների հետ։

Ֆերմերներն ասում են, որ պանիր արտադրողներն իրենց կաթնամթերքը պատրաստում են կաթի փոշուց։ Կաթի գնորդները պանրի հումքի պահանջարկի կտրուկ նվազումը պայմանավորում են այն հանգամանքի հետ,որ պանիրը չի վաճառվում։

Այսօր Ջավախքում կաթի մեկ լիտրը հանձնում են 1,20-1,40 լարիով։

Եզեկ Մարաբյանն ապրում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Բոզալի գյուղում։ Նա կաթը 1,2 լարիով (լիտրը) հանձնում է Դիլիֆցի գնորդներին: Եզեկը գոհ չի կաթի գնման գնից, բայց ստիպված վաճառում է։

«Կաթի քչության սեզոնին ընդհանրապես գինը ցածր է, նրանք չեն էլ մտածում թանկացնելու մասին: Այս բիզնեսում էլ է մենաշնորհ տիրում, 1-2 գնորդ է, իսկ նրանք էլ իրար հետ պայմանավորվում են գնի առումով: Ամռանը մենք կաթը, տան համար, ինքներս ենք մշակել: Տան համար արդեն պաշարել ենք, իսկ վաճառքի համար վերամշակումը ձեռնտու չէ, իրացման շուկա չկա: Այս գնով ձեռնտու չէ վաճառել, բայց ստիպված ենք»,- ասում է Եզեկ Մարաբյանը։

Դադեշցի Վարազդատ Հակոբյանը նույնպես հուսով էր, որ մունիցիպալիտետում կաթի քչության սեզոնին գինը կհասնի նախորդ տարվա մակարդակին: Վարազդատը պահում է կովերի եվրոպական ցեղատեսակ, որոնք ավելի շատ կաթ են արտադրում:

«Գյուղում բոլորը վաճառում են, ես էլ եմ ստիպված վաճառում, բայց ասում են, որ Սուլդա գյուղի բնակիչները 1,40 լարիով են վաճառում»,- ասում է նա։

Սուլդա գյուղի լիազոր Զարզանդ Կուջոյանն ասում է, որ գյուղացիները կաթը Հոկամցի գնորդին են հանձնում 1.30 լարիով։

«Գինը մեզ հարմար չէ, բայց հանձնում ենք: Ես 2 կով ունեմ ու էլի ձեռնտու չէ, եթե ավելի շատ կով պահես, բնականաբար ծախսերը մեծ են, իհարկե, ձեռնտու չէ: Շատերը չեն հանձնում, այլ վերամշակում են»,- ասում է Զարզանդ Կուջոյանը։

Որոշ ֆերմերներ դժվար իրավիճակից ելք են փնտրել և գտել են այն։ Ալաթուման գյուղից Սուրիկ Կարապետյանը խոշոր անասնապահ ֆերմեր է: Նա միայն կաթնատու 100 կով ունի։

«Երկու ամիս առաջ նույն վիճակում էի, գնորդ չկար, գինն էլ ցածր էր, լիտրը մինչև 80 թեթրի իջավ, չէին առնում, ասում էին, որ կաթը շատ է, իհարկե, եթե կաթի փոշուց պատրաստես, ձեռնտու է: Հիմա լիտրը 1,50 լարիով եմ հանձնում Ախալցիխեում: Իրենք են գալիս տանում»,- ասաց Սուրիկ Կարապետյանը։

Նույնատիպ իրավիճակ է Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Գորելովկա գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։

Գորելվկա գյուղից Քրիստինե Իսպիրյանը կրճատել է իր ֆերմայում կովերի գլխաքանակը, քանի որ ծախսերը շատ են, իսկ կաթի գինը՝ ցածր։ Այժմ նա պահում է 7 կով։

«Լիտրը 1,20 լարիով ենք հանձնում, մենք շատ կով ունեինք, բայց հիմա՝ ոչ: Ամռանը կաթը 1 լարի էր, հիմա թանկացրել են ընդամենը 20 թեթրիով: Գնորդները փաստարկում են, որ պանիրը չի վաճառվում։ Բայց իրենք պատրաստում են կաթի փոշուց, որն արժե 1կգ-ը 60 թեթրի: Մեկ տոննայի մեջ 600 կգ-ը կաթի փոշի է, մնացած 400 կգ-ը իսկական կաթն է»,- ասում է Քրիստինա Իսպիրյանը։

Ջավախքի անասնապահները ծանր վիճակում են, եթե այսպես շարունակվի, շրջանում անասնաքանակը կնվազի։