Ժամանակակից հասարակությունում կանանց իրավունքները դարձել են ավելի ակտիվորեն պաշտպանվել, ինչը նպաստել է Ախալքալաքի հասարակության բազմաթիվ սովորույթների վերացմանը, օրինակ՝ «աղջիկ փախցնելուն»: Միևնույն ժամանակ, առևանգման և հարկադիր ամուսնության սպառնալիքները դեռևս արդիական են։ Հաճախ աղջիկները՝ վախենալով հանրային դատապարտումից, թաքցնում են այն փաստը, որ ինչ-որ մեկը սպառնում կամ հետապնդում է իրենց, և դա հանգեցնում է անդառնալի հետևանքների։ Ջավախքում անցանկալի «սիրային հետապնդման» հետ կապված ոստիկանություն դիմելու առաջին դեպքը ցույց տվեց, որ հասարակությունը ոչ միանշանակ է տրամադրված խնդրի այս ձևով լուծմանը։

Փոկա գյուղի բնակչուհի Լիլիթ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է անձնական պատմությամբ, որ 2 ամիս շարունակ ինչ-որ տղամարդ սպառնում է իրեն առևանգել և ստիպել ամուսնանալ, ուստի որոշել է դիմել ոստիկանություն։ Աղջկա գրառման համաձայն, նա իր գյուղում բախվել է իր արարքի լայն հասարակական դատապարտմանը:

Մեջբերում ենք Լիլիթի գրառումն անփոփոխ.

«Ես շատ բանի միջով եմ անցել և հիմա ձեզանից չեմ պատրաստվում լսել, որ ոստիկանություն գնալը սխալ քայլ էր:

2 ամսից ավելի է, ինչ այս մարդը սպառնում է ինձ առևանգել, որ ես մենակ իրենը պետք է լինեմ, չի վախենում ոչ բանտից, ոչ ոստիկանությունից և ոչ իմ եղբայրներից:

Երեկ պատահաբար լսեցի, որ եղբայրս գնացել է այս «մարդուն» տեսնելու, ինքս գնացել եմ ոստիկանություն, եղբայրս ինձ մենակ չթողնեկու համար եկել է հետս։

Հենց տուն վերադարձա տարբեր տիպի մարդիկ հանդիպում են եղբորս ու կրկնում, որ իմ քայլը ճիշտ չէր:

Ինձ ոչինչ չի հետաքրքրում, բոլորդ զգուշացեք, հանգիստ չեմ նայուլու այս ամենին, որովհետև հիմա ձեր «լավ տղամարդկության» պատճառով աղջիկները ստիպված են լինելու ապրել բռնարարի հետ կամ դառնալ հարկադիր ամուսնության զոհ»:

Ախալքալաքի բնակիչը, ում դեմ Լիլիթը բողոք է ներկայացրել ոստիկանություն, բերման էր ենթարկվել: Այնուհետև նա 6000 լարի գրավի դիմաց ազատ է արձակվել։ Դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել միանգամից երկու հոդվածով՝ «հարկադիր ամուսնություն» և «հետապնդում», որոնց համար ամբաստանյալին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։

Այն, որ աղջիկը ոստիկանություն է դիմել «սիրային հետապնդման» պատճառով, բացասաբար է ընկալվել համագյուղացիների և այլոց կողմից։ Սոցցանցերի տարբեր օգտատերեր ասում են, որ «հարցը կարող էր այլ կերպ լուծվել», իսկ Լիլիթը «սխալ է վարվել»։

Ավելի ուշ, Նինոծմինդայում NOR ռադիոկայանին տված իր հարցազրույցում Լիլիթը կիսվել է, որ «չի ցանկացել, որ տվյալ երիտասարդին կալանավորեին» և միայն ցանկացել է, որ նրա նկատմամբ զսպիչ օրդեր կիրառվի։

Թեև այս հարցի շուրջ հասարակական կարծիքը բաժանվել է երկու մասի, իրական փաստերը ցույց են տալիս, թե ինչի կարող է հանգեցնել սպառնալիքների անպատժելիությունը: Դրա վառ ապացույցն է մի քանի տարի առաջ Ախալքալաքի մունիցիպալիտետի Օլավերդ գյուղում տեղի ունեցած միջադեպը։ Աղջիկն իր կամքին հակառակ առևանգվել էր մեկ այլ տղամարդու կողմից իր նշանադրության օրը։

Գենդերային հարցերով փորձագետ Անահիտ Ասատուրյանը կարծում է, որ հասարակությունը չպետք է դատապարտի իրեն պաշտպանելու փորձ կատարած աղջկա գործողությունները։

«Դա կախված է նրանից, թե ինչպիսի սպառնալիքներ կան, եթե այս աղջիկն իրեն վտանգված է զգացել, բնականաբար, հասարակությունը պետք է ընդունի նրա գործողությունները: Ես այնքան էլ մանրամասն ծանոթ չեմ Լիլիթի իրավիճակին, բայց կարծում եմ, որ եթե մարդը բառերով չի հասկանում, ապա պետք է դիմել պատկան մարմիններին։

Կան մարդիկ, ովքեր կարող են դա ընդունել, իսկ կարող են լինել այնպիսիք, ովքեր կասեն, որ նա սխալ է արել, խաչ է քաշել տղայի ապագայի վրա: Սակայն պետք է հասկանանք, որ այդ աղջիկն իրեն պաշտպանել է, որ իր ապագայի հետ չխաղան։ Եթե մարդուն սպառնում են, և նա պաշտպանվում է, կարծում եմ, որ հասարակության կողմից դատապարտում չպետք է լինի»,- մեկնաբանում է փորձագետը։

Անահիտը նշում է, որ օրենսդրական մակարդակով հարսնացուի առևանգման համար պատժի գործարկման շնորհիվ նման դեպքերը վերջերս գրեթե դադարել են լինել։

«Ես պաշտոնական տվյալներ չունեմ, բայց որքան կարող եմ դատել՝ քաղաքում ապրելով, տեսնելով, թե ինչ է կատարվում, առևանգման դեպքերը նվազել են, կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ տուգանվում են, բանտարկվում, սա ոչ պակաս դեր է խաղացել, նաև մարդկանց մտածելակերպն է փոխվել, հիմա պետք է փոխհամաձայնություն լինի, շփում, մարդիկ իրար տեսնում են, նորմալ ամուսնանում են»։

Ախալքալաքի բնակիչներից մեկը, ով սթրես է ապրել անցանկալի առևանգումից, Jnews-ի հետ զրույցում կիսվել է, որ ուրախ է, որ աղջիկները սկսել են ավելի ակտիվ պաշտպանել իրենց իրավունքները։

«Հիմա իմ ներկայիս աշխարհայացքով ես կարող եմ ասել, որ միանշանակ ճիշտ է, որ աղջիկներն այդ հարցերը լուծում են օրենքի շրջանակներում: Քանի որ կա օրենք, ուրեմն թող օրենքի միջոցով լուծվի, առավել ևս, այս ամենն ամրագրված է օրենքով, կանայք այդքան իրավունքներ ունեն, ինչո՞ւ չօգտվել դրանից»,- մեկնաբանում է նա։

Նրա կարծիքով, այդ արարքի համար տուգանքների ներդրմանը զուգընթաց նվազել է «հարսնացուների» առևանգումների թիվը, Ախալքալաքում շատերը կարծիք են հայտնում, որ այս օրենսդրական նախաձեռնությունը շահավետ է եղել։ Սպառնալիքների, այլ ոչ իրական առևանգման դեպքում աղջիկը կարծում է, որ եթե կա հավանականություն, ուրեմն պետք չէ առևանգման հասցնել, ավելի լավ է անհապաղ դիմել ոստիկանություն։

«Եթե կան իրական սպառնալիքներ, և ոչ թե թեթևակի, ապա ինչո՞ւ հասցնել առևանգման, ավելի լավ է անմիջապես դիմել: Ես խորհուրդ եմ տալիս աղջիկներին երբեք չամաչել կամ չվախենալ այս քայլերից»,- ասում է նա:

Հասարակության արական հատվածը հիմնականում չի ողջունում իրավապահ մարմինների միջոցով խնդրի լուծումը։ Նույնիսկ տղամարդիկ, ովքեր հակված են կարծել, որ բոլորն իրավունք ունեն պաշտպանելու իրենց իրավունքները, միևնույն է, համարում են, որ նման դեպքերում ավելի լավ է խնդիրը լուծել այլ կերպ։

«Եթե տղան նորմալ սիրահետում է և կատակում «փախցնելու» առումով, իսկ աղջիկը դեմ չէ, ապա ինչո՞ւ դիմել ոստիկանություն։ Իսկ եթե աղջիկը դեմ է դրան, և տղան իսկապես սպառնում է, ապա անպայման պետք է քայլեր ձեռնարկել, բայց ես կարծում եմ՝ առանց ոստիկանության: Կարելի է պարզապես խնդրել ընտանիքին կամ ընկերներին, որպեսզի այդ հարցը կարգավորեն: Եթե դա չի աշխատում, ապա այո, այդ ժամանակ արժե այդկերպ», – մեկնաբանում է նա:

Մինչդեռ, քանի որ ոմանք բացահայտորեն մեղադրում են աղջկան՝ ասելով, որ դա PR-ի միջոց է, իսկ ոմանք սատարում և օրինակ են բերում, Ջավախքում նոր էջ է բացվել հասարարակության կողմից սեփական իրավունքների ոտնահարման և շահերի պաշտպանության հարցում։