Հաջորդ տարվանից Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավորների կենսաթոշակների վերին շեմը 560-ից կդառնա 1000 լարի։
Այս հարցի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել խորհրդարանում, որտեղ ընդդիմադիրներ՝ Նիկա Մաճուտաձեն և Դավիդ Զիլփիմիանին բարձրացրել են վերին սահմանը վերացնելու հարցը։
Դրա կողմնակիցներն են «Ժողովրդի ուժը» խորհրդարանական մեծամասնության անդամները։ Կուսակցության անդամ Դիմիտրի Խունդաձեն ասել է, որ նախկին խորհրդարանական պատգամավորներին փոխհատուցումը պետք է կազմի նրանց աշխատավարձի 1/3-ը՝ առանց այսպես կոչված սահմանափակիչի:
Ինչպես խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, նախկին պատգամավորների կենսաթոշակների վերին շեմի փոփոխությունը նախատեսված է 2024 թվականի բյուջեի նախագծով, և դա կվերաբերի ոչ միայն նախկին պատգամավորներին, այլև այլ սեգմենտի անձանց:
Նրա պարզաբանմամբ՝ «ամբողջապես այսպես կոչված սահմանափակիչը հանելու համար տարեկան բյուջեից կպահանջվի մոտ 10 մլն լարի»։
«Նախկին անդամների կենսաթոշակների հետ կապված փոփոխություն կա: Գործող համակարգով աշխատավարձի 1/3-ը թոշակն է, թեև վերին շեմը 560 լարի է։ Այս վերին շեմը փոխվում է, դա նույն հոդվածն է, որը վերաբերում է նախկին իրավապահներին և այլն, այսինքն՝ շատ սեգմենտներ է ընդգրկում։ Այս վերնաշեմը բարձրանում է մինչև 1000 լարի։ Այնպես որ, այս փոփոխությունը կտարածվի նաև նախկին պատգամավորների վրա։ Հունվարի 1-ից կենսաթոշակը 560 լարիի փոխարեն կկազմի 1000 լարի։ Այսօր նախկին պատգամավորների կենսաթոշակը 560 լարի է, քանի որ վերին շեմը սահմանվել է 560 լարի։ Ըստ կանոնի՝ այն պետք է կազմի աշխատավարձի 1/3-ը, բայց քանի որ վերնաշեմը 560 է, չի կարելի այն գերազանցել։ Բյուջեով վերնաշեմը բարձրանում է մինչև 1000 լարի։ Ըստ այդմ՝ կենսաթոշակը կկազմի 1000 լարի»,- ասել է Պապուաշվիլին։