Գյուղի բնակիչներից մեկի՝ Սերժո Կուրոյանի նախաձեռնությամբ, նոյեմբերի 11-ին, Բուզավեթում նշվել է գյուղի օրը։ Այժմ այս տոնը նախատեսվում է նշել ամեն տարի նշված օրը։
Գյուղի բնակիչները Սերժո Կուրոյանի գլխավորությամբ, արտերկրից ժամանած այլ հյուրերի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին մատաղ են արել գյուղի հին եկեղեցում, մոմեր վառել, ապա հավաքվել գյուղի կենտրոնում՝ տոնական համերգի։ Բուզավեթի դպրոցականները պատրաստել էին տարբեր համարներ՝ երգեր, պարեր, բանաստեղծություններ, ինչպես նաև ներկաներին պատմել գյուղի պատմությունը։
Տոնի անակնկալը գյուղի մասին երգն էր, որն ինքը Կուրոյանն էր պատրաստել և նվիրել բնակիչներին այս նշանակալի օրը։ Նա իր խոսքում նշեց, որ շուտով պատրաստ կլինի նաեւ երգի տեսահոլովակը, որում ներգրավված կլինեն բոլոր ներկաները։
«Գաղափարը վաղուց կար, ես բավականին երկար ժամանակ է բարեգործություն եմ անում գյուղի համար՝ մարզադահլիճ, խաղահրապարակ: Ես ուզում էի մարդկանց համախմբել, միայն այս տոնով կարող ենք համախմբվել: Այլ նախագծեր էլ կան, դա գազաֆիկացումն է, գերեզմանոցի պարսպապատումը, ճանապարհները, ֆուտբոլի մարզադաշտի վերականգնումը, մի խոսքով, անելիքներ շատ կան, որոնք պետք է իրականացնել»,- մեկնաբանեց Սերժո Կուրոյանը։
Նրա խոսքով, գլխավոր նպատակը գյուղից արտագաղթը կանգնեցնելն է:
Համերգից հետո բուզավեթցիները ծաղիկներ խոնարհեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանին։