Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակման և չճանաչված Արցախի Հանրապետության լուծարման պատճառով ավելի քան 100 000 արցախահայեր ստիպված են եղել լքել իրենց տները և գաղթել Հայաստան։ Փախստականների հոսքը հասարակության մեջ հակասական կարծիքներ է առաջացրել. ոմանք կարծում են, որ դա կհարվածի առանց այն էլ թույլ ՀՀ տնտեսությանը և կսրի քաղաքական ճգնաժամը, իսկ մյուսները նշում են հայ բնակչության քաղաքացիական ակտիվության աննախադեպ աճի մասին։

ՀՀ կառավարության վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ հաշվառվել և նույնականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 101 848 անձ: Հայաստանի դպրոցներում հոկտեմբերի 31-ի դրությամբ https://www.gov.am/am/news/item/15708/ սովորում է ԼՂ-ից բռնի տեղահանված 16 371 երեխա: 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվել է շուրջ 100 հազար անձ: Այս շաբաթ իրականացվել է վճարում նաև կեցության և կոմունալ ծախսերի համար նախատեսված 40+10 հազար դրամի աջակցության ծրագրի շրջանակում: Արդյունքում՝ ծրագրից արդեն իսկ օգտվել է 73 196 անձ, թեև , ըստ փոխվարչապետ, կառավարության «Մարդասիրական կենտրոնի» համակարգող Տիգրան Խաչատրյանի, մինչև տարեվերջ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի եւս 50 000-ական ՀՀ դրամ:

«Որքանով կարող եմ հեռվից դատել, սա թափանցիկ գործընթաց է, ես հետևում եմ կառավարության ծրագրերին, բյուջեից միջոցների հատկացմանը, կրթության ոլորտում աջակցությանը, զբաղվածությանը»,- ԼՂ-ից բռնի տեղահանվածների ընդունման գործընթացը մեկնաբանում է ԱՄՆ Սթոնհիլ քոլեջի Ռիչարդ Բ․ Ֆիննեգանի անվան քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պատվավոր պրոֆեսոր, Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ գիտաշխատող Աննա Օհանյանը։

Նա նշում է, որ այս հարցում առավել հետաքրքիր է քաղաքացիական մոբիլիզացիայի աննախադեպ աճը, որը տեղի ունեցավ Հայաստանում փախստականների հոսքի հետ կապված։

«Սա ողբերգական իրավիճակ է, բայց միևնույն ժամանակ, այս ճգնաժամին զուգահեռ, մենք տեսնում ենք հայ բնակչության քաղաքացիական ակտիվություն, և դա միայն կամրապնդի հասարակությունը, ի հակակշիռ շատերի ասածի, որ փախստականները քաղաքական անկայունություն են ստեղծում։ Ես համաձայն չեմ վերջինիս հետ»,- մեկնաբանում է Օհանյանը։

Սոցիալական ցանցերն ու հայկական տարբեր չաթերը լցված են հաղորդագրություններով, որ օգնություն է հավաքվում կամ փախստականների համար բնակարաններ են փնտրվում, ղարաբաղցիների համար թափուր աշխատատեղեր են տեղադրվում և այլն։ Հայ հասարակությունը, կարծեք թե, ինքնակազմակերպվել է և փորձում է մոբիլիզացնել իր բոլոր ռեսուրսները, որպեսզի գոնե մի փոքր աջակցություն ցուցաբերի առանց ոչ մի բանի մնացած մարդկանց։

Արմատներով Ջավախքից Մոսկվայից հայրենադարձ Արթուրն արդեն 5 տարի է, ինչ ապրում է Երևանում։ Նա իր ընկերների հետ Գորիս է գնացել Ղարաբաղից հայ բնակչության արտահոսքի առաջին իսկ օրը։ Նա հիշում է, որ զարմացած էր երիտասարդների, կամավորների հսկայական թվից, որոնցից շատերը կազմակերպություններից էին, շատերն էլ իրենց նախաձեռնությամբ էին եկել, ինչպես ինքը՝ Արթուրը։

«Կարմիր խաչից, հիվանդանոցներից, ընդունարաններից հետաքրքրվեցինք, թե արդյոք կարիք ունեն վերաբնակեցման հետ կապված որևէ օգնության, սննդի, դեղորայքի և այլնի հարցում, այդ ժամանակ մեզ ասացին. «ոչ, ամեն ինչ լավ է, ամեն ինչ կա»: Ընդհանրապես, այդ պահին դեռ շատ մարդ չկար։ Բայց մենք ինչով կարողացանք, օգնեցինք, երեխաների համար շոկոլադներ գնեցինք և նման ամեն ինչ։ Բայց քանի որ առանձնակի կարիք չկար, մարդկանց չէինք անհանգստացնում, ամեն ինչ կարծես թե բավականին կազմակերպված էր»,- պատմում է նա։

Ղարաբաղահայերի դուր գալուց մի քանի օր անց Վայքում բացվեց երկրորդ ընդունելության կենտրոնը։ Այդժամ Արթուրն ու ընկերները գնացին այնտեղ։

«Այնտեղ արդեն ավելի մեծ հոսք կար, այնտեղ նաև շատ երիտասարդներ կային, նրանք նույնպես շատ լավ էին վերաբերվում բոլորին, մենք օգնում էինք ինչ-որ բան բաժանել, համակարգել մարդկանց, ուր գնալ, որտեղից ինչ վերցնել, որտեղ գրանցվել, SIM քարտեր. … հետո ես մի ընտանիք էլ տարա, ութ հոգով նստեցինք հինգ տեղանոց մեքենան, իրերով, ու Վայքից գնացինք Աբովյան, գիշերվա մեկին»,- հիշում է Արթուրը։

Նա կիսվում է, որ այս ամենն իրեն ոգեշնչել է դժվար պահին իր ժողովրդին օգնելու ցանկությունը։

Բացի այդ, Արթուրն ու իր ընկերները գումար են նվիրաբերել տարբեր հիմնադրամների, Արթուրը կիսվել է կահույքով ու տեխնիկայով, և այժմ աշխատում են նաև մի նախագծի վրա, որը աշխատանքով կապահովի Լեռնային Ղարաբաղից կանանց։

«Հիմա շատ կարևոր է բոլորին աշխատանքի տեղավորել, որպեսզի մշտական օգնության և նպաստի կարիք չունենան, այլ կարողանան իրենց հոգսերը հոգալ, ևս մի քանի աշխատողի եմ վերցրել՝ տանը կոսմետիկ վերանորոգում անելու համար, հատուկ ընտրել եմ, որ արցախցի լինեն»,- ասում է նա:

Արթուրը նշում է, որ հայ հասարակության մոբիլիզացիան տեղի է ունեցել այն ժամանակ, երբ իրավիճակը հասել է ծայրահեղ կետին:

«Ինչպես միշտ, երբ գնալու տեղ չկա, բոլորն անմիջապես ակտիվացան և սկսեցին օգնել, հատկապես երիտասարդները, ինչը շատ է ուրախացնում, փախստականների ընդունման բոլոր կետերում նրանք շատ ակտիվորեն օգնում էին գիշեր-ցերեկ առանց քնելու, առանց սննդի, ակտիվ աշխատում էին: Երիտասարդները բավականին ակտիվ են, դա շատ լավ է»:

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին առաջինը Հայաստանում դիմավորել են կամավորները։ Սեպտեմբերի 24-ից, երբ Ադրբեջանն ապաշրջափակեց Լաչինի միջանցքը, ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Հայաստան է մտել ավելի քան 100 հազար մարդ։ Եվ հազարավոր կամավորներ օր ու գիշեր օգնում էին Հայաստան եկած մարդկանց ստանալ սնունդ, հագուստ, դեղորայք: Նրանք հաշվառել են ժամանածներին ՝ անմիջապես պարզելով, թե ինչի կարիք ունեն: Հենց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարեց կամավորների հավաքագրման մասին, ավելի քան հազար մարդ անմիջապես գրանցվեց հատուկ ստեղծված կայքում։

ՀՀ Կառավարությունն աջակցության ծրագրեր է մշակել ղարաբաղահայերի համար, ովքեր կորցրել են իրենց տները և ողջ ունեցվածքը։ Միևնույն ժամանակ, հասարակական կազմակերպությունները, նախաձեռնող խմբերը և շարքային քաղաքացիները միջոցներ և մարդասիրական օգնություն են հավաքում։ Երևանում և բոլոր մարզերում ստեղծվել են կետեր, որտեղ հավաքում և բաժանում են կենցաղային անհրաժեշտ պարագաներ։ Այստեղ կարելի է գտնել համապատասխան հագուստ, սպասք, կահույք, կենցաղային տեխնիկա: