Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:
«Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկի ընթացիկ տարում, և առջևում դեռ երկու ամիս կա»,- Զբոսաշրջության կոմիտեն հայտնել է, որ այցելությունները գերազանցել են բոլոր սպասելիքները։ Հունվար-հոկտեմբեր ամիսներին դրանց ստույգ թիվը կազմել է 2 միլիոն 50 հազար։
Էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ երկրում ծախսում է մոտ 1200 դոլար։ ՀՀ եկողների լավագույն եռյակը տարվա առաջին ամիսներին չի փոփոխվել՝ Ռուսաստան, Վրաստան և Իրան։
Հաղորդվում է, որ գրանցվել է նաև թուրք զբոսաշրջիկների աճ և նույնիսկ ադրբեջանցի այցելուների որոշակի քանակ։
«Զբոսաշրջիկների թիվն աճել է 48.4%-ով»
2023 թվականի 9-ամսյա ցուցանիշներն են։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվով առաջին տեղում են եղել Ռուսաստանից ժամանածները, որոնք կազմել են ընդհանուրի 50.7 տոկոսը (931 հազար 695 մարդ).
«Այնուհետև հաջորդում են Վրաստանից՝ 10.1 տոկոս (185 082 մարդ), Իրանից՝ 6.3 տոկոս (116 062 մարդ) այցելուները»։
Առաջին հնգյակում են նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ յուրաքանչյուրը 1.2 %։
Զբոսաշրջության պետական կոմիտեի փոխանցմամբ՝ 2023 թ․-ի հոկտեմբերին Հայաստան է եկել 195 հազար զբոսաշրջիկ։ Սա, ըստ կառույցի, հոկտեմբեր ամսվա լավագույն տվյալներն են նախորդ տարիների համեմատ։
«2022 թ. –ին ՀՀ էր եկել 155 հազար, 2019 թ.` 192 հազար զբոսաշրջիկ»,- ասված է հաղորդագրությունում։
Հազարավոր թուրք և տասնյակից ավելի ադրբեջանցի այցելուներ
Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 13 ադրբեջանցի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.6 անգամ ավելի է։ Խոսքն Ադրբեջանի քաղաքացիների մասին է։ Այլ երկրի քաղաքացիություն ունեցող քանի ադրբեջանցի է որպես զբոսաշրջիկ ՀՀ եկել, հնարավոր չէ ասել։
Նախորդ տարվա համեմատ 43.7%-ով ավելացել է թուրք զբոսաշրջիկների թիվը։
Նշվում է, որ 2023 թ․-ին Հայաստան է այցելել Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 9050 քաղաքացի։ 2022 թ․-ի նույն՝ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում այդ թիվը 6300 էր։
«Զբոսաշրջության բյուջեն ավելացել է մոտ 6.5 անգամ»
Խոսելով վերջին 3 տարիների մասին՝ նման արձանագրում է արել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա փոխանցմամբ՝ բյուջեի նախագծով 2024 թ․-ի համար նախատեսված է 13 մլրդ 188 մլն դրամ:
Ըստ նախարարի՝ հաջորդ տարի մեկնարկելու է նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է «20 զբոսաշրջային կլաստերների զարգացում»։