Կարելի՞ է վստահել համացանցում տեսած մեկնաբանություններին և հավանումներին: «Կեղծ ճանաչելիությունը» մեր օրերում հազվադեպ երևույթ չէ։ Դա ձեռք է բերվում այն բանի շնորհիվ, որ օգտատերն իր էջին ներգրավում է վճարովի մեկնաբանություններ և հավանումներ՝ դրանով իսկ արհեստականորեն մեծացնելով իր ակտիվությունը։ Ինչո՞վ է սա վտանգավոր, և որքանո՞վ է դա համարվում խաբեություն, կարդացե՛ք Jnews-ի նյութը։

Ինչպես նշում է տեղեկատվական անվտանգության փորձագետ և Cyber HUB-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը, կեղծ հավանումների և մեկնաբանությունների պրակտիկան նոր չէ և տասնամյակներ շարունակ ակտիվորեն կիրառվում է թե՛ բիզնեսում, թե՛ քաղաքականության մեջ։

«Եթե բիզնեսը վերցնես, քանի որ քաղաքական ֆեյքերը մի այլ պատմություն է, ապա այստեղ գնորդների հոգեբանությունն է գործում: Եթե մարդը տեսնում է, որ ինչ-որ բիզնես էջ ճանաչելի է լայքերի և մեկնաբանությունների շնորհիվ, ավելի շատ է վստահում դրան։ Ըստ այդմ՝ բիզնեսը փորձում է ավելի մեծ ակտիվություն ունենալ: Բայց ոչ բոլորը կարող են դա անել օրգանապես, ուստի փորձում են լայքեր և մեկնաբանություններ գնել, հատկապես, որ շուկայում կա առաջարկ»,- նշում է փորձագետը։

Բացի բիզնես օգտատիրական հաշիվներից, որոշ ազդեցիկ բլոգերներ նույնպես փորձում են «կեղծ ճանաչելիություն» վաստակել: Նրանք հետևորդներ են ձեռք բերում և առաջխաղացնում են իրենց էջը, որպեսզի հետագայում գովազդ վաճառեն: Երբ նրանք չեն կարողանում ինքնուրույն ճանաչելիություն ձեռք բերել, նրանք որոշում են գնել այն:

«Ես ունեմ իմ սեփական բիզնեսը Instagram-ում, իմ սեփական ապրանքանիշը: Ես արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում եմ, ունեմ իմ փոքր լսարանը, գնորդները: Այնուամենայնիվ, ես ուզում եմ առաջխաղացնել իմ էջը, բայց ինքնուրույն դա անել չի ստացվում, ավելի ճիշտ՝ դա շատ դժվար է։ Երբեմն մտածում եմ օգտվել այս ծառայությունից (խմբ.՝ վճարովի մեկնաբանություններ), մանավանդ որ դրանք հնարավորինս կենդանի են, գրում են քեզ այն, ինչ իրականում մտածում են քո մասին։ Բայց ես դեռ չեմ կարող գնալ այդ քայլին: Ես գիտեմ, որ իմ արտադրանքը որակյալ է, իմ հաճախորդները միշտ գոհ են, բայց, այնուամենայնիվ, ներսում ինչ-որ բան ինձ խանգարում է, ի վերջո, դա արդար չէ», – Jnews-ի հետ զրույցում կիսվում է ձեռներեցը, ով ակտիվորեն վարում է իր բիզնեսի ինստագրամյան էջը։

Վճարովի մեկնաբանությունների ոլորտի աշխատակիցներն իրենք Jnews-ին ասացին, որ իրենց առջև դրված ամենակարևոր խնդիրը հնարավորինս իրատեսական լինելն է։

«Իմ մեկնաբանությունները բավականին իրատեսական են, քանի որ դրանք համապատասխանում են գրառման թեմային և մեզ հանձնարարված առաջադրանքին՝ գրել իրական մարդու պես, այլ ոչ թե բոտի պես»,- ասում է այս աշխատողներից մեկը՝ ցանկանալով մնալ անանուն։ «Երբեմն պատվիրատուն պահանջում է մի քանի բացասական մեկնաբանություններ, որպեսզի այն թվա թեմայի իրական քննարկում»:

Մեկ այլ աշխատակից նույնպես Jnews-ի հետ զրույցում կիսվում է, որ եթե ապրանքն իրեն դուր չի գալիս, կարող է հանգիստ գրել այդ մասին մեկնաբանություններում։

«…օրինակ՝ «սա իմ ոճը չէ, բայց, միևնույն է, շատ գեղեցիկ է»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը վստահ է, որ չնայած մեկնաբանությունների ողջ իրատեսությանը, խաբեությունը մնում է խաբեություն:

«Սա ոչ միայն բանալ խաբեություն է, այլ նաև այն, որ տարատեսակ դատարկ կամ վատ բիզնեսներ, դրական արձագանքների ի հայտ գալու միջոցով, փորձում են խաբել մարդկանց, ովքեր առաջին անգամ են իրենց էջում հայտնվում: Եվ դա աշխատում է ոչ միայն սոցցանցերում, այն առկա է նաև առևտրային հարթակներում, ինչպիսիք են Amazon-ը, E-bay-ը»,- մեկնաբանում է նա։

«Այսօր մարդը չի կարող 100 տոկոսով վստահ լինել, որ այն, ինչ տեսնում է համացանցում՝ դա իրական է: Ստացվում է, որ տեղի է ունենում զանգվածային խաբեություն»,- եզրափակում է փորձագետը։