Նոյեմբերի 1-ին, սակրեբուլոյի հաշվետվության ներկայացմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետը և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, սակրեբուլոյի պատգամավորներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Մեկ տարվա արդյունքները ներկայացրել է սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։
«Մենք ունենք 42 պատգամավոր, 5 հանձնաժողով, 2 խմբակցություն: Ապարատում 10 հոգի է աշխատում, իսկ պայմանագրով աշխատում է 5 հոգի: Մեկ տարվա ընթացքում՝ 2023-ի նոյեմբերից մինչև 2024-ի նոյեմբերը, 20 բյուրոյի ժողով ենք անցկացրել, 15 նիստ: Մենք ունեցել ենք 26 նորմատիվ ակտ, 38 կարգադրություն, 98 հրաման: Սակրեբուլոն ստացել է 140 գրություն, 17-ը՝ հանրային տեղեկատվության հետ կապված: Բոլոր գրություններին պատասխան է ուղարկվել»,- ասաց նա։
Ինչպես նշեց սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, 2022-2023 թվականներին սակրեբուլոյի աշխատավարձային ֆոնդն աճել է 10%-ով (2022-ին՝ 16000 լարի, 2023-ին՝ 22000 լարի)։ Ապարատի աշխատակիցները հավելավճար են ստացել տարվա ընթացքում մեկ անգամ։ Ինչ վերաբերում է սակրեբուլոյի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցներին, ապա դրանք 2-ն են, մեկը օգտագործում է նախագահը, մյուսը՝ վերջինիս տեղակալը։ Ամսական 300 լիտր բենզին է հատկացվում սակրեուբլոյի նախագահի մեքենային, իսկ 200 լիտր բենզին՝ տեղակալի մեքենային։ Գրասենյակային ծախսերը 40 200 լարիից (2022) հասել են 42 780 լարիի (2023 թ.): Մեծացել են նաև գործուղային ծախսերը` 2000 լարիից դառնալով 5000 լարի (նախկինում օրավարձը 15 լարի էր, այժմ` 30 լարի):
«Մենք աշխատում ենք տեղական իշխանությունների հետ, գրություններ ենք ուղարկել նաև տարբեր նախարարություններին, դեսպանատներին, նահանգապետարանին: Տարվա ընթացքում տարբեր աշխատանքներ ենք իրականացրել: Հանդիպել ենք բնակչության, դպրոցականների հետ, մենք նրանց պատմել ենք, թե ինչպես են աշխատում քաղաքապետարանը, սակրեբուլոն։ Հաճախ դիմումները, որոնք ստանում է սակրեբուլոն, ուղարկում ենք հանձնաժողով, հետո՝ բյուրո, հետո ժողովի նիստ: Մեկ տարվա ընթացքում քննարկել ենք տարբեր հարցեր, ընդունել տարբեր որոշումներ, հաստատել հողի գինը, փոփոխություններ կատարել բյուջեում՝ մարզադաշտերի, սոցիալական աջակցության և այլնի հետ կապված: Մեզ դիմել էին նաև տեղական տրանսպորտի հետ կապված խնդրագրով, որպեսզի երթուղայինները շարժվեն գյուղերում և քաղաքում: Որոշվեց գործարկել մեկ գիծ, եթե արդյունքները լավ լինեն, հուսով ենք, որ աշխատանքներ կտանենք տարբեր ուղղություններով երթուղային տաքսիներ ներմուծելու ուղղությամբ»,- ասաց Նաիրի Իրիցյանը։
Հաշվետվություններով հանդես եկան նաև 4 հանձնաժողովների ղեկավարներ, 5-րդ հանձնաժողովի նախագահը բացակայում էր։ Հաշվետվությամբ հանդես եկավ նաև Ախալքալաքի սակրեբուլոյին կից Գենդերային խորհուրդը։
Ախալքալաքի քաղաքապետարանի սակրեբուլոն շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին՝ ակտիվ համագործակցության համար։
Ինչպես հայտնեցին Ախալքալաքի քաղաքապետարանի ներկայացուցիչները, նրանց կողմից ևս սպասվում է մանրամասն հաշվետվություն։