Ախալքալաքի քաղաքապետարանից Jnews-ին հայտնում են, որ նոր ընդունված կարգավորումների համաձայն՝ քաղաքապետարանը ստիպված է առանց շինթույլտվության կառուցված շենք-շինությունների սեփականատերերին նախ տուգանել, և միայն դրանից հետո քննարկել թույլտվություն տրամադրելու/չտրամադրելու հարցը։

Այս տարի Ախալքալաքի քաղաքապետարանը 4 կառուցապատողի է տուգանել անօրինական շինարարության համար, որից երկուսը՝ Կարծախ գյուղում, երկուսը՝ քաղաքում։ Ինչպես նաև 15 օբյեկտի նախազգուշացում է արվել։ Արդյունքում տեղական բյուջե է մուտքագրվել 10 000 լարի։ Գյուղերում տուգանքի չափը կազմում է 1000, իսկ քաղաքում՝ 4000 լարի։

Եթե անցած տարի՝ 2022 թվականին, քաղաքապետարանն ընդհանուր առմամբ 43 շենք-շինություն կառուցման թույլտվություն ստանալու դիմում է ստացել, ապա այս տարվա միայն 10 ամիսների ընթացքում 50-ից ավելի։ Քաղաքապետարանից Jnews-ին հայտնում են, որ շինթույլտվության դիմումների քանակն այս տարի 20 տոկոսով ավելացել է։

«Կամաց-կամաց մարդիկ օրենքի դաշտ են գալիս և մեկը մյուսից լսելով արդեն տեղյակ է, որ օրինակ՝ որևէ շենք կամ շինություն կառուցելուց առաջ նախ անհրաժեշտ է համաձայնեցնել քաղաքապետարանի հետ, այսինքն՝ թույլտվություն ստանալ, հետո նոր սկսել շինարարությունը»,-  ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Քաղաքապետարանը ցանկացած դիմումի իրավասու է մեկ ամսյա ժամկետում պատասխանել, բացառիկ բարդ դեպքերում՝ մինչև երեք ամսյա։

Քաղաքացիների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, Ախալքալաքի քաղաքապետարանը հորդորում է որևէ շենք-շինություն կառուցելուց առաջ նախ շինթույլտվություն ստանալ, այնուհետև՝ սկսել շինարարությունը, որը բխում է հենց քաղաքացու շահերից։ Եթե քաղաքացին իր կառուցած շենք-շինության համար թույտվություն չունի, ապա չի կարող այն հետագայում գրանցել պետական ռեգիստրում և սեփականաշնորհել, ըստ այդմ էլ՝ վաճառել։