Վրաստանի վիճակագրական ծառայության նախնական գնահատականներով՝ 2023 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 5.1 տոկոս, իսկ 2023 թվականի առաջին ինը ամիսների միջինը սահմանվել է 6.8 տոկոս։

Ինչպես ճեպազրույցում նշել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն, 2023 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճի մեջ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ճյուղերը՝ ֆինանսական և ապահովագրական գործունեություն, շինարարություն, առևտուր, հյուրանոցներ և ռեստորաններ:

Ըստ Թոդրաձեի՝ նվազման միտում է գրանցվել մշակող արդյունաբերության, տրանսպորտի և պահեստավորման, ինչպես նաև անշարժ գույքի ոլորտներում։

«Ինչպես հայտնի է, 2023 թվականի 9 ամիսների տվյալներով ապրանքների արտահանումն աճել է մոտավորապես 13 տոկոսով, իսկ ներմուծումը` 18 տոկոսով։

2023 թվականի սեպտեմբերին հանրապետությունում գրանցվել է շուրջ 6100 նոր ձեռնարկություն, ինչը մոտավորապես 14%-ով ցածր է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի տվյալներից։ Նվազումը հիմնականում պայմանավորված է օտարերկրյա անհատ ձեռնարկատերերի գրանցման նվազմամբ»,- հաղորդել է նա։