Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա հարաբերությունները, հետագա համագործակցության հեռանկարները: Ուշադրություն է հրավիրվել Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհի ֆորում»-ի կարևորությանը:

«Նշվեց, որ ֆորումում անցկացվող քննարկումներն ամուր հիմք կստեղծեն ապագայում ավելի խոր համագործակցության համար: Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տնտեսական ոլորտում համագործակցության հարցերին: Ընդգծվել է երկրների միջև սերտ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման կարևորությունը»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Ի դեպ, Փաշինյանը Վրաստանում է «Մետաքսի ճանապարհի ֆորում»-ի շրջանակներում։ Ֆորումում Փաշինյանը հայտարարել է. «Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը` Հարավային Կովկասը, ունի խաղաղության կարիք»: