«Քանի որ երկրաշարժը չքանդեց մեր տունը, ուստի այն մնաց այնպիսին ինչպիսին որ կար, բայց շատ փոխվեցին մարդիկ, նրանք դարձան մռայլ», – հիշում է ամբողջ աշխարհը ցնցած երկրաշարժի մասին Տեր Տաթև Մարուքյանը, ով 5 տարեկան էր Գյումրիի համար այդ ճակատագրական տարում:
Մարուքյանների ընտանիքը նրանցից մեկն էր, ովքեր «Աստծո կամքով» փրկվեցին, ինչպես ասում է ինքը` Տեր Տաթևը: Այդ տարիները նրա հիշողության մեջ մնացել են որպես սոված, ցուրտ ու մութ, առանց լույսի տարիներ:
Տեր Տաթև Մարուքյանը քիչ բան է հիշում, քանի որ երեխա է եղել: Սակայն, նրա հիշողության մեջ մնացել է այն, որ մինչ երկրաշարժը բոլոր տոները, այդ թվում՝ Ամանորը նշվում էր զվարթ ու երջանիկ: Հիշելով ողբերգությունը նրա աչքերը լցվում են տխրությամբ: Նա խոսում է դանդաղ և մտածկոտ:
«Ես հիվանդ էի այդ օրերին, որպեսզի տանը մենակ չմնայի, ես ու քույրս պիտի ապրեինք հորաքրոջս տանը: Նա ևս ուներ երկու երեխա՝ տղա և աղջիկ: Նրանք ապրում էին բուլվարնի թաղամասում, ինը հարկանի շենքում: Բայց ողբերգությունից երկու օր առաջ բժիշկների խորհրդով, մենք գնում ենք տատիկիս տուն Հոկտեմբերյան (Արմավիր): Եթե մենք օդափոխության պատճառով չգնայինք տատիկիս տուն, մենք այդ ժամանակ լինելու էինք 9 հարկանի շենքում, որը հողին էր հավասարվել: Հորաքրոջս ընտանիքը նույնպես փրկվեց: Աստծո կամքով մեր և հորաքրոջս ընտանիքը փրկվեց: Այնպես չէ, որ մենք ավելի արդար էինք, քան մնացածները, ովքեր ապրում էին 9 հարկանի շենքում: Շատերն ասում են, որ հիվանդությունն անեծք է, բայց հիվանդությունը կարող է և փրկել», – ասում է Տեր Տաթև Մարուքյանը:
Տեր Տաթև Մարուքյանը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում քահանա է: Ըստ նրա, Գյումրին շատ հոգևորականներ ունի և քաղաքը պահվեց բնակիչների հավատքի և հույսի շնորհիվ: Գյումրիում նաև շատ են հոգևորականները, քանի որ այնտեղ երկրաշարժից հետո բացվեց ընծայարան: Այդ ընծայարանի բացման գաղափարը Տեր Տաթևը պատահական չի համարում:
Երբ տարածվում է սարսափելի լուրը այն մասին, որ Գյումրին ավերված է և քաղաքը այլևս չկա, Տեր Տաթևի ծնողները որոշում են վերադառնալ տուն՝ Գյումրի: Նրանք սկզբում չեն ուզում վերցնել Տեր Տաթևին իրենց հետ, բայց հետո այնուամենայնիվ վերցնում են:
Գյումրիի նրանց տունը, այն ժամանակ դեռևս Լենինականի, գտնվում էր չորս հարկանի շենքում.
«Երբ մարդիկ խոսում էին որ բոլոր շենքերը փլվել են, իմ ուշքն ու միտքը այն էր, որ մեր տունը փլված չլիներ, ու երբ մենք հասանք Գյումրի ու ես տեսա, որ մեր շենքը կանգուն է, դա իմ համար աշխարհ էր: Արդեն շատ չէի էլ գիտակցում որ շուրջս ամեն ինչ փլված է», – հիշում է Տեր Տաթև Մարուքյանը:
Բայց հետո, իհարկե, ընդհանուր ողբերգությունը նա զգում է նաև իր վրա:
«Ես տասը տարի սովորել եմ տնակում և երազել նորմալ դպրոցի մասին: Երբ մենք ավարտեցինք դպրոցը, այդ տարին այն տեղափոխվեց նոր շենք և մենք նախանձում էինք 9-րդ դասարանցիներին: Հիմա երբ հիշում եմ, դպրոցական կյանքը տնակում նույնպես քաղցր էր: Չնայած մենք համ սոված էինք, համ հագուստ չունեինք: Եվ երբ ինչ-որ մեկը նոր հագուստ էր հագնում բոլորը մատով էին ցույց տալիս: Հետո մարդիկ սկսեցին մեկնել խոպան ու երբ այնտեղից վերադառնում էին մեզ կոնֆետներ էին տալիս, դա մեզ համար ուրախություն էր», – ասում է Տեր Տաթև Մարուքյանը:
Չնայած ամբողջ ցավին ու տառապանքին, Գյումրին հաղթահարեց դժվարությունները:
«Նրանք տարան էդ ամեն ինչը թասիբով, պատվով, հումորով, օգնելով միմյանց: Նրանք նույնիսկ այդ օրերին էին կատակում և հումորը փրկեց Գյումրին: Ապրելով այդպիսի ցավ մարդիկ կրկին ուժ գտան իրենց մեջ և նորից ստեղծեցին ընտանիքներ», – ասում է Տեր Տաթև Մարուքյանը:
Ինչքան էլ չցանկանաս հիշել անցյալը, այն հնարավոր չէ ջնջել: Բայց կյանքը շարունակվում է…
Նյութը JNEWS-ը հրապարակել է 2016 թվականի դեկտեմբերի 7-ին:
Շուշան Շիրինյան