Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկել են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցը։ Սակայն հարցը չի ընդունվել համապատասխան թվով ձայների բացակայության պատճառով։
Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է 86 պատգամավոր, դեմ է եղել մեկ պատգամավոր։ Քվեարկությունը գաղտնի է եղել։ Նախագահի իմփիչմենթի համար պահանջվում է խորհրդարանի ամբողջական կազմի 2/3-ի ձայները՝ 100 պատգամավոր։ Սակայն գրանցվել է ընդամենը 90 պատգամավոր։
Ընդդիմության մի մասը, այդ թվում՝ Ազգային շարժման ներկայացուցիչներ, ներկա չեն եղել դահլիճում։
Նախագահի իմփիչմենթի հարցով ելույթ է ունեցել խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն, ով ներկայացրել է փաստարկներ, որոնք հիմք են դարձել իշխող կուսակցության կողմից նախագահի իմփիչմենթի ընթացակարգն սկսելու համար։
Իրակլի Կոբախիձեից հետո ելույթ է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ելույթից հետո պատգամավորները հարցեր են ուղղել Սալոմե Զուրաբիշվիլիին, սակայն նախագահը հրաժարվել է պատասխանել դրանց։