Արդեն ավարտին են մոտենում Ախալքալաքի Ապագայի տան վերանորոգման աշխատանքները։ Հիմնականում կատարվել են շենքի ներքին հարդարման աշխատանքներ։
Վերանորոգման համար հայտարարվել է էլեկտրոնային մրցույթ, որին մասնակցել են անհատ ձեռներեցներ ՝ Սերգեյ Չոլախյանն ու Աշոտ Կարախանյանը, վերջինս մրցույթը հաղթել է 63 737 լարիով։
Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մահտեսյանը գոհ է իրականացված աշխատանքներից, և հույս է հայտնում, որ մեկ շաբաթ անց կվերսկսեն դասերը։
«Շատ գոհ ենք կատարված աշխատանքներից, հիմա արդեն սպասում ենք, որ սրահի նստարանները տեղադրեն և անցնենք նորմալ դասերի։ Համարյա ավարտում են. հատակը, առաստաղը փոխել են, պատերը հարդարել են, նոր բեմ են տեղադրել, ավելի բարձր ու մեծ են դարձրել, դուռ են փոխել»,- ասում է Սաթենիկ Մահտեսյանը։
Վերանորոգման աշխատանքներն իրականացնող անհատ ձեռներեց Աշոտ Կարախանյանն ասաց.
«Ավարտական փուլում ենք, նաև Շախմատի դպրոցը վերանորոգեցինք։ Ապագայի տանը մնացել է հանդիսատեսի համար նախատեսված նստարանները տեղադրել եւ վերջ»։
Նշենք, որ 2006 թվականից «Պիոների տան» նախկին շենքը գործում է որպես «Ապագայի տուն»։ Հին շենքում վերանորոգումը կատարվել է աստիճանաբար և մաս-մաս։ Ուսումնական հաստատությունում երեխաները սովորում են ուլունքագործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն, նաև լեզուներ, տարբեր առիթներով անցկացվում են միջոցառումներ։ «Ապագայի տան» տարբեր խմբակներում 220 տարբեր տարիքի երեխաներ են գրանցված: