Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցած շաբաթ օրենսդիրների փոքր խմբի տեղեկացրել է, որ Վաշինգտոնն առաջիկա շաբաթներին չի բացառում Ադրբեջանի հնարավոր ներխուժումը Հայաստան, գրում է ամերիկյան Politico-ն՝ հղում անելով քննարկմանը ծանոթ երկու անանուն աղբյուրի։

Politico-ի գնահատմամբ՝ այս զրույցը վկայում է, որ Միացյալ Նահանգները հակամարտության ընդլայնման վերաբերյալ լուրջ մտահոգություններ ունի։ Հեղինակավոր պարբերականը հիշեցնում է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի հարավում միջանցք բացելու մասին հայտարարություններն ու սպառնալիքները, որ եթե Երևանը ինքնակամ չանի դա, Բաքուն դրան ուժով կհասնի։

Չնայած վերջին երկու շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է ու հրադադարի խախտման դեպքեր չեն արձանագրվել, բայց վերջերս ադրբեջանական հնարավոր ներխուժման մասին ահազանգել էր նաև Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը՝ Brussels Signal պարբերականին տված հարցազրույցում։

«Մենք այժմ Հայաստանի վրա հարձակման անմիջական սպառնալիքի տակ ենք, որովհետև եթե հավաքական Արևմուտքը կոնկրետ քայլերով չարձագանքի Ալիևին, ապա նա պատճառ չունի սահմանափակվել Լեռնային Ղարաբաղով», – հայտարարել է Բալայանը։

«Դուք ասում եք, որ մտավախություն ունենք անմիջական ներխուժման։ Որքա՞ն անմիջական», – այս հարցին դեսպանն արձագանքել է. – «Եթե կոշտ քայլեր չձեռնարկվեն, ապա դա շաբաթների հարց է»։

Որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին հանգիստ է, օրերս հաստատել էր նաև Հայաստանի վարչապետը, սակայն Նիկոլ Փաշինյանը միաժամանակ չէր բացառել, որ իրավիճակը կարող է ամեն րոպե փոխվել։ Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվից ու Անկարայից հնչող հայտարարություններին՝ Փաշինյանն ասել էր. «Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին որևէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, որն օգտագործվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Այստեղ նրբություն կա, որովհետև շատ կարևոր է, թե տերմինաբանությունն ինչպես է ընկալվում, որովհետև մենք Հայաստանի Հանրապետությունում, նաև հանրությունը լայնորեն այդ տերմինաբանությունն ընկալում է որպես Հայաստանի նկատմամբ որոշակի տարածքային պահանջ և արտատարածքային միջանցքի պահանջ»:

Politico-ն գրում է, որ չնայած հնարավոր ներխուժման մասին մտահոգություններին՝ Բլինքենը հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում դրական է արտահայտվել հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։

Նյութը՝ azatutyun.am -ից