Աղմաշենեբելի փողոցում՝ բազմահարկ շենքերից մեկի բակում, զբոսայգի-մանկական հրապարակ է հայտնվել։ Վերջին աշխատանքները՝ ծառատունկը, պետք է ավարտվեն մինչև հոկտեմբերի 15-ը։ Չնայած այն հանգամանքին, որ բնակիչները շատ գոհ են ժամանցի վայրի հայտնվելուց, այնուամենայնիվ, նրանք նշում են կան որոշակի թերություններ։

Աղմաշենեբելի փողոցում զբոսայգի-մանկական հրապարակ-մարզահրապարակ ծրագրի իրականացումը գրեթե ավարտված է, մրցույթը շահած ձեռնարկատիրոջ, աշխատանքների ղեկավար Վարդան Չոլախյանի խոսքով, մնում է միայն տնկել ծառերը, որոնց առաքումը սպասվում է առաջիկայում:

Նախագծի իրականացման ընթացքում քաղաքապետարանի և կապալառուի միջև կնքված պայմանագրում կատարվել է 4 փոփոխություն, որի շրջանակներում փոխվել են նաև աշխատանքների ժամկետները։ Նախագիծը պետք է ավարտվեր օգոստոսի 15-ին, սակայն կառուցապատողի խնդրանքով այն հետաձգվել է մինչև հոկտեմբերի 15-ը։ Հետաձգման պատճառը «ծառերն ավելի ուշ ժամկետներում տնկելու նպատակահարմարությունն է»։

Երեխաները՝ հավանելով այս վայրը, վաղուց ընտրել են այն և տաք եղանակին խաղում են հրապարակում: Այնուամենայնիվ, այստեղ կան բացթողումներ, որոնք ի սկզբանե հաշվի չեն առնվել, օրինակ՝ շրջակայքը և տեղանքի շեմը հարթեցված և հավաքված չէ: Սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող երեխաների, ինչպես նաև հեծանիվների և մանկասայլակների համար թեքահարթակը կառուցված է միայն մեկ անկյունից։ Կառուցապատողի խոսքով՝ թեքահարթակը կառուցվել է ոչ թե ըստ նախագծի, այլ սեփական նախաձեռնությամբ։ Զբոսայգու մյուս մուտքերով մանկասայլակով անցնելը շատ դժվար է՝ խորդուբորդությունների ու անհարթությունների պատճառով։

Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1

Ճիշտ է, գիշերային լուսավորության սյուները տեղադրվել են 2-3 ամիս առաջ, սակայն գիշերը լույսերը չեն վառվում: Ըստ կառուցապատողի՝ էլեկտրացանցին միանալու աշխատանքների մի մասն արված է։ Այդպես էլ պարզ չէ, թե ով պետք է միացնի, «ըստ երևույթին, կմիացնեն աշխատանքները հանձնելուց հետո», – ասում է նա: Ցայտաղբյուրից հաճախ ջուրը դուրս է ցայտում և զբոսայգու որոշ հատվածներ հաճախ թաց են: Կառուցապատողը խոստացել է տեսնել, թե ինչումն է խնդիրը: Նա նաև նշում է, որ եղել են դեպքեր, երբ ցայտաղբյուրի ջուրն օգտագործել են խաղահրապարակի տարածքում գորգեր լվանալու համար։ Բնակիչների խոսքերով, երեխաները մասամբ վնասում են ատրակցիոնները, քանի որ դրանք քիչ են, իսկ երեխաները՝ շատ, և մի քանի երեխա միաժամանակ է նստում մեկ ատրակցիոնի վրա:

Дизайн без названия - 1

Հիշեցնենք, որ Ախալքալաքի քաղաքապետարանը մարտի 13-ին հայտարարել էր Աղմաշենեբելի փողոցում զբոսայգու և մարզասարքերով հագեցած հրապարակի կազմակերպման մրցույթը։ Մրցույթի սկզբնական արժեքը (ներառյալ ԱԱՀ) կազմել է 165 153 լարի, իսկ նույն վայրում մարզասարքերով հագեցած հրապարակի կառուցման համար հատկացվել է 27 525 լարի։ Ընդհանուր առմամբ, հատկացվել է 192 678 լարի, որպեսզի բազմահարկ շենքերն ունենան մի վայր, որտեղ երեխաները և մեծահասակները կկարողանան ժամանակ անցկացնել: Աճուրդն ավարտվել է մարտի 24-ին՝ 171 000 լարիի չափով։

Дизайн без названия - 1

Զբոսայգին ունի արահետներ ինչպես հետիոտների, այնպես էլ հեծանիվների համար։ Այն բաժանված է երկու մասի՝ մարզասարքերով մաս և մանկական տարածք։ Կան նստարաններ և աղբամաններ, լուսավորության լապտերներ, ցայտաղբյուր։ Անվտանգության նկատառումներով, զբոսայգու մի մասը ռետինապատված է։ Մանկական ժամանցի գոտին ունի բազմաֆունկցիոնալ դասական ատրակցիոն՝ ճոճանակներով և սղարանով, ինչպես նաև այլ: Զբոսայգու հակառակ կողմում է մարզասարքերով բացօթյա հարթակը։

Дизайн без названия - 1

Տարածքը բարեկարգելու համար ցանված է սիզամարգ։ Նախագծի համաձայն՝ պիտի կատարվի հողի պրոֆիլավորում, խոտածածկի ցանք և դրա խտացում, ինչպես նաև պիտի տնկվի եղևնի և կծոխուրի թուփ: Այս բույսերը դիմացկուն են երաշտի և ցրտահարության նկատմամբ։