Վրաստանի ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են Սագարեջոյի մունիցիպալիտետում սպանված 14-ամյա աղջկա քեռուն՝ 1980 թվականին ծնված, նախկինում դատապարտված Ն.Մ.-ին, անչափահաս ընտանիքի անդամին հարկադրաբար ամուսնացնելու և հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով,- հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Աղջկա մորը նույնպես ներկայացվել է մեղադրանք նույն հանցանքով:
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը 2009 թվականին, Ա.Շ.-ին, հակառակ իր կամքին, սեռային խտրականության և անհանդուրժողականության հիմքով ստիպել է ամուսնանալ 1996 թվականին ծնված Ա.Ս.-ի հետ։ Դրանից հետո Ա.Ս. անչափահաս աղջկա հետ ամուսնանալու համար ապօրինի զրկել է նրան ազատությունից և տարել Սագարեջոյի շրջան։
Քննությամբ պարզվել է նաև, որ մեղադրյալը տեղյակ է եղել Ա.Ս.-ի կողմից Ա.Շ.-ի նկատմամբ կատարած հանցավոր արարքների մասին, թեև այդ մասին չի հայտնել իրավապահներին։ Չնայած աղջկա առարկությանը, մեղադրյալը, այնուամենայնիվ, հոգեբանական բռնություն գործադրելով անչափահասին ստիպել է մնալ հարկադիր ամուսնության մեջ Ա.Ս.-ի հետ։
Այս տարվա հոկտեմբերի 6-ին Ա.Ս.-ն Ա.Շ.-ին հրազենից մահացու վիրավորում է հասցրել և դեպքի վայրից դիմել է փախուստի։ Կատարված քննչական և որոնողական գործողությունների արդյունքում իրավապահները ձերբակալել են Ա.Ս.-ին»,- ասված է ՆԳՆ-ի տեղեկատվության մեջ։
Ընտանիքի անչափահաս անդամին ամուսնության հարկադրելու և հանցագործության մասին չհայտնելու փաստերի առնչությամբ հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ հոդվածներով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով։