Վերջին օրերին Վրաստանում բենզինը կտրուկ թանկացել է, բնակչության շրջանում խուճապ է զգացվում, բոլորն ակնկալում են, որ պարենային ապրանքները նույնպես կթանկանան։ JNEWS-ը զրուցել է տնտեսական հարցերով փորձագետ Վլադիմիր Պապավայի հետ, թե ինչի կարող է հանգեցնել բենզինի թանկացումը, ինչու է դա տեղի ունեցել և ինչ պետք է անեն մարդիկ։

Բենզինի գնի կտրուկ թանկացումից հետո շատ վարորդներ սկսեցին բողոքել տրանսպորտային մեծ ծախսերից։ Կարինեն աշխատում է քաղաքում և ամեն օր գյուղից մեքենայով է գնում աշխատանքի։ Նրա խոսքով, բենզինի թանկացումից հետո գրեթե ամբողջ աշխատավարձը ծախսում է աշխատանքի գնալու վրա։

«Բենզինի թանկացումն ուղղակիորեն ազդել է իմ բյուջեի վրա, օրական բենզինի համար 15 լարի եմ ծախսում, դա ինձ ձեռնտու չէ, աշխատավարձս քիչ է»,- ասում է Կարինեն։

Ախալքալաքի տարբեր լցակայաններում բենզինի գները տարբեր են՝ 5-20 թեթրիի տարբերությամբ:

Վրաստանում 1 լիտր բենզինը (Euro Regular) 2023 թվականի սեպտեմբերին արժեր 2,79 լարի, հոկտեմբերին այն դարձավ 3,17 լարի։ Մեկ ամսվա ընթացքում գինն աճել է 38 թեթրիով՝ մոտ 14 տոկոսով։

Տնտեսական հարցերով փորձագետ Վլադիմիր Պապավան բացատրում է, թե ինչու է բենզինը թանկացել և ինչ գործոններ են ազդել դրա վրա։

«Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցների պատճառով ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայից պահանջել է ավելացնել նավթի արդյունահանումը, որպեսզի գինը իջեցնի, նրանք չկատարեցին ԱՄՆ-ի խնդրանքը և ընդհակառակը նվազեցրին արդյունահանումը, ստացվեց համաշխարհային շուկայում նավթի առաջարկը կրճատվեց, արդյունքում գներն աճեցին: Սա առաջին գործոնն է: Իրավիճակն ավելի է սրվում նրանով, որ պատերազմ է սկսվել Իսրայելի և պաղեստինցի ահաբեկիչների միջև, և դա հենց Մերձավոր Արևելքի տարածաշրջանն է, որտեղ կենտրոնացած են նավթ արդյունահանող հիմնական երկրները»,- ասում է Վլադիմիր Պապավան։

Վլադիմիր Պապավայի խոսքով, նավթ արդյունահանող երկրները կարող են ավելացնել նավթի արդյունահանումը և ծածկել նավթի ու նավթամթերքի մատակարարման պակասը, սակայն Վրաստանը հնարավորություն չունի հավասարակշռելու իրավիճակը։ Պետությունն այս դեպքում ոչինչ անել չի կարող։

Փորձագետը չի բացառում, որ տրանսպորտային ծախսերի աճը կհանգեցնի գնաճի ոչ միայն Վրաստանում, այլեւ ողջ աշխարհում։ Նա ասում է նաեւ, որ թանկացումներն անխուսափելի են, սակայն, ըստ նրա, խուճապի մատնվելու կարիք չկա։

«Արդյունքում կլինի բացարձակապես ամեն ինչի թանկացում, քանի որ նավթամթերքը ներգրավված է ամբողջ տնտեսության մեջ, պետք չէ խուճապի մատնվել, քանի որ այս թանկացումն ավելի մեծ չի լինի, քան, օրինակ, անցյալ տարի էր։ Մի քանի տարի բարձր գնաճի ներքո ենք ապրելու»,- ասում է Վլադիմիր Պապավան։

Փորձագետի կարծիքով, բանկային վարկերը նույնպես կթանկանան, և որ գնաճը բարձր չլինի, Վրաստանի Կենտրոնական բանկը, հավանաբար, կսկսի դրամավարկային քաղաքականություն։