Բաթումիում ավարտվեց «Batumi Black Sea music and Art Festival» 10-րդ հոբելյանական փառատոնը, որը կազմակերպել էր Էլիսո Բոլքվաձեն։ Ախալքալաքն այս փառատոնին ներկայացնում էին երիտասարդ տաղանդ Արսեն Կարապետյանը և Վրաստանի դասական երաժշտության աշխարհում արդեն հայտնի Անահիտ Ստելմաշովը։
Բաթումիի Երաժշտության և արվեստի Սև ծովյան 10-րդ փառատոնը՝ նվիրված դասական երաժշտությանը և վրացական գունեղ ֆոլկլորին, անցկացվել է Բաթումիում 2023 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը։ Այս տարի փառատոնը նշում է իր 10-ամյակը։ 2013 թվականին իր մեկնարկից ի վեր փառատոնն իր առաքելությունն է դարձրել երիտասարդ տաղանդների առաջխաղացումը և երաժշտական կրթության զարգացումը: Փառատոնը յուրօրինակ մշակութային իրադարձություն է Վրաստանում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո։
Հոկտեմբերի 7-ին Բաթումիի երաժշտական կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ դաշնակահարների «Ապագայի աստղերը» գալա համերգը, որին, ի թիվս այլ երիտասարդ երաժիշտների, ելույթ ունեցան ախալքալաքցի տաղանդներ Արսեն Կարապետյանը և Անահիտ Ստելմաշովը։
«Այժմ այնտեղ ոչ միայն դաշնակահարներ են մասնակցում, այլև կային տարբեր ցուցահանդեսներ, հյուրեր կային Բրազիլիայից, Հայաստանից, Ֆրանսիայից և տարբեր այլ երկրներից, որոնք ներկայացնում էին իրենց մշակույթը: Դիվանագիտական հարաբերություններն էին գործում երկրների միջև, կար Ադրբեջանի օր, Հայաստանի օր, այսինքն՝ սա շատ կարևոր է, ինչպես կարծում է Էլիսո Բոլքվաձեն, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի։ Վերջին օրը փոքրիկ դաշնակահարները նվագեցին և համերգ տվեցին, մինչ այդ նաև 3 օր վարպետաց դասեր կային դիրիժոր, մաեստրո Միշել Սոնիի կողմից։ Ես այնտեղ ստեղծագործություններ եմ նվագել։ Ախալքալաքից փառատոնին մասնակցում էր նաև Արսեն Կարապետյանը։ Նա ևս մասնակցում էր վարպետաց դասերին։ Արսենը բերել էր նոր ծրագիր, որի վրա աշխատեց վարպետը։ Այնտեղ ընդգրկված էին նաև այլ երեխաներ, քանի որ անցկացվում էր երիտասարդ երաժիշտների զարգացման համար, վարպետաց դասեր էին անցկացվում»,- պատմում է Անահիտը։
Նա բարձր է գնահատում այս հնարավորությունը և, ընդհանրապես, բոլոր հնարավորությունները, որոնք հնարավորություն են տալիս երեխաներին զարգանալ և ցույց տալ իրենց ներուժը։
«Գալա համերգին նվագելու համար ընտրվել էին լավագույն փոքրիկները, որոնց թվում էր նաեւ Արսենը, ես իրականում շատ ուրախ եմ, քանի որ նախ՝ փոքրիկ երեխաներին հնարավորություն է տրվում զարգանալ, ինչպես ժամանակին ինձ են տվել: Ես ուրախանում եմ, որովհետև մեր քաղաքից էլ երեխաներ կան, քանի որ դասական երաժշտությունը մեր քաղաքում այնքան էլ զարգացած չէր: Ես ուրախ եմ, որ նրանք հնարավորություն ունեն շփվելու նման մարդկանց հետ, այնպիսի առաջնորդների հետ, ինչպիսին է Միշել Սոնին»,- ասում է Անահիտ Ստելմաշովան։
Նշենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ախալքալաքի երաժշտական դպրոցում սկսել են ի հայտ գալ տաղանդավոր դաշնակահարներ, որոնք ճանաչում են ձեռք բերում ազգային, ապա համաշխարհային մակարդակով։