Ախալքալաքում տեղադրված են 40 մունիցիպալ հսկողության տեսախցիկներ։ Կան ծրագրեր տեղադրել նաև խախտումներ արձանագրող նոր «խելացի» տեսախցիկներ։

Մունիցիպալ ընդհանուր հսկողության տեսախցիկների ձեռքբերման և տեղադրման, ինչպես նաև տեսախցիկների սպասարկման մրցույթը երկրորդ անգամ անցկացվել է հունիսի 12-ին (առաջին անգամ մրցույթը հայտարարվել էր մայիսի 8-ին)։ Մրցույթը շահել է անհատ ձեռնարկատեր Մարտիրոս Քջանյանը՝ 23948 լարիով, իսկ նախնական գումարը եղել է 25240 լարի։

Ինչպես Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, հասարակական վայրերում և բնակիչների խնդրանքով արդեն տեսախցիկները տեղադրվել են։

«Մենք դրանք տեղադրել ենք բնակիչների կողմից ստացված խնդրանքին համապատասխան, ինչպես նաև քաղաքում, որտեղ կան աղբարկղեր և զբոսայգիներ»,- մեկնաբանեց Մակարյանը։

Նա նաև հավելեց, որ մունիցիպալ տեսախցիկներից բացի, քաղաքում կավելացվի «խելացի» տեսախցիկների թիվը։ Համապետական ​​այս մրցույթն արդեն պետք է հայտարարվի, գումարը նախատեսված է, հենց որ մրցույթը հայտարարվի, մունիցիպալիտետը կմասնակցի։

«Սա կլինի կոնսոլիդացված մրցույթ, այն հայտարարվում է պետական մասշտաբներով: Սրանք դասվում են այն տեսախցիկների շարքին, որոնք խախտումներ են արձանագրում: Մենք պատրաստվում ենք ավելացնել դրանց թիվը, քանի որ մեքենաների հոսքը տարեցտարի ավելանում է: Օրինակ՝ Խոսպիոյով Կարծախ տանող ճանապարհը, մարդիկ այնտեղ բողոքում են, որ այս հատվածում վարորդները չարաշահում են արագությունը: Եկել են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները, քաղաքապետարանի, ոստիկանության աշխատակիցները, և բոլորի կարծիքը հաշվի է առնվում, թե որտեղ և ինչ հեռավորությամբ տեղադրել տեսախցիկները»,- ասաց քաղաքապետը: